Բալթիկ ծովի տարածաշրջանում հունիսի 5-ից 17-ը կանցկացվեն Baltops ամենամյա միջազգային զորավարժությունները, որոնց կմասնակցի 16 երկիր, հաղորդում է «Интерфакс»-ը՝ BNS-ի վրա հղումով։

Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 14 երկրներ՝ ԱՄՆ, Բելգիա, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Թուրքիա, ինչպես նաեւ դաշինքի գործընկեր երկրներ՝ Շվեդիա եւ Ֆինլանդիա։   

Baltops զորավարժությունները խոշորագույններից են Հյուսիսային Եվրոպայում: Շվեդիայի ռազմածովային ուժերի 500-ամյակի պատվին զորավարժությունները կսկսվեն Ստոկհոլմում։ Այնուհետեւ Բալթիկ ծովի ջրերում եւ տարածաշրջանի օդային տարածքում կհաջորդեն մարտավարական զորավարժություններ, իսկ Կիլում (Գերմանիա) կավարտվեն վարժանքները։

Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 4000 զինվորներ, ինչպես նաեւ ամֆիբիական գրոհային ուժեր, ավելի քան 60 ինքնաթիռ եւ տարբեր դասերի 40 նավ։