Սեւ ծովում հայկական լաստանավը կաշխատի ժամանակին եւ կարագացնի բեռնափոխադրումները դեպի Ռուսաստան, ինչպես նաեւ՝ հակառակ ուղղությամբ։ Այս մասին հունիսի 6-ին Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին  2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը հիշեցեր, որ հունիսի 11-ին հայկական պատվիրակությունը «Վերին Լարս» անցակետում կհանդիպի ռուս գործընկերների հետ։ Նրանք տեղում էին ուզում հասկանալ, թե ինչպես կարելի է արագացնել բեռնափոխադրումները Հայաստանից։ Այսօր, ինչպես նշեց Քերոբյանը, «Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակի պատճառով հայ արտադրողները, արտահանողները եւ ներկրողները ահռելի վնասներ են կրում։

«Հայկական ապրանքները, ինչպես եւ ԵԱՏՄ մյուս երկրների ապրանքները, չպետք է նախտնական ստուգում անցնեն, այլ պետք է անցնեն միայն Վրաստանով անցնելու տարանցիկ բեռնագրի ստուգում։ Ուստի բեռնատարների անցումը պետք է հնարավորինս արագ իրականացվի»,- պարզաբանեց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում մեծ օգուտ կբերի Սեւ ծովով անցնող լաստանավը, որը Հայաստանը նախատեսում է գործարկել:

«Օրերս կառավարության անդամները համաձայնեցրին լոգիստիկ ընկերությունների հետ աշխատանքի կարգը։ Մնում է միայն Վրաստանի նավահանգիստներում դրա տեղակայման թույլտվություն ստանալը։ Վրացի գործընկերների հետ հարցերը կլուծվեն մոտ ապագայում»,- վստահեցրեց նախարարը։

Ընդ որում, սովորական պայմաններում, ինչպես նշեց Քերոբյանը, լաստանավն այդքան արդյունավետ չէր լինի, քանի որ առնվազն 2-3 օրով կզիջեր ավտոմոբիլային փոխադրմանը: «Սակայն հիմա, երբ ավտոմեքենաները 20 օր է՝ կանգնած են Լարսի մոտ, լաստանավով բեռներ տեղափոխելը շատ ավելի արագ կլինի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լաստանավը պետք է գործարկվի արդեն հունիսի 15-ից։ Այն կկարողանա ընդունել փչացող եւ մեծ չափերի բեռների գոնե մի մասը»,- նշեց Քերոբյանը:

Նա հիշեցրեց նաեւ, որ կառավարությունը 6 ամսով ամբողջությամբ կսուբսիդավորի լաստանավային փոխադրումների արժեքը։

Լաստանավի օպերատոր կդառնա C&M International լոգիստիկ ընկերությունը, որը պայմանագրեր է կնքել Հարավկովկասյան երկաթուղու եւ դրա մայր ընկերության՝ «Ռուսական երկաթուղիների» հետ։

Ընկերությունը լաստանավ կվարձակալի եւ շաբաթական երկու չվերթ կկատարի՝ վրացական Փոթի նավահանգստից դեպի ռուսական Կովկաս: Լաստանավի տարողունակությունը 50 բեռնատար եւ 40 վագոն կկազմի: