Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին միասնական ճակատ ձեւավորել` մասնակցելու համար առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին:
Այս առաջարկը նա բացատրում է Հայաստանում ժողովրդավարության բացակայությամբ:

«Եթե քաղաքական ուժերը մեզ չարձագանքեն, ժողովրդի համար հաղթական քայլերը մենք միայնակ կձեռնարկենք»,- այսօր` օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա, հավելելով, որ իրենք քաղաքական ուժերից պատասխանի կսպասեն մինչեւ սեպտեմբերի 20-ը:

Նման կոչով ԱԻՄ առաջնորդը դիմել է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: Նրա ներկայացմամբ, ՀԱԿ-ը դեռ չի արձագանքել, դրանով ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարության հարցն իրենց համար կարեւորը չէ:

«Մինչեւ սեպտեմբերի 20-ը ՀԱԿ-ն էլ թող կողմնորոշվի, սակայն մենք չենք ընդունի Լեւոն Տեր-Պետոսյանին` որպես առաջնորդ»,- նշել է Պարույր Հայրիկյանը:

Նա նաեւ անդրադարձել է ՀԱԿ-ի այն պահանջին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է 100 տոկոսով համամասնական լինեն, որին կմասնակցեն բացառապես քաղաքական ուժերը: «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ինձնից, Ռուբեն Հակոբյանից ու խոստովանի, որ ժամանակին չհասկացավ համամասնական ընտրությունների կարեւորությունը, այդ ժամանակ ես կասեմ` Լեւոն, դու իմ եղբայրն ես»,- ասել է ԱԻՄ առաջնորդը: