Google ընկերությունը 100 միլիոն դոլար կվճարի Իլինոյսի բնակիչներին՝ կոլեկտիվ հայցի շրջանակներում, հայտնում է The Verge-ը։ Դատարանը որոշել է, որ «Google Ֆոտո» հավելվածում դեմքերի ավտոմատ ճանաչման գործառույթը խախտում է Իլինոյսի օրենքը, որն արգելում է կենսաչափական տվյալների հավաքումն ու պահպանումը (BIPA)՝ առանց օգտատիրոջը գրավոր ծանուցման:
Բողոքում նշվում է, որ Google-ն ուղղակիորեն խախտում է այս օրենքը, քանի որ ընկերությունն իբր հավաքում եւ վերլուծում է օգտատերերի դեմքերի տվյալները՝ առանց ծանուցման եւ գրավոր համաձայնություն ստանալու։
Կոլեկտիվ հայցի արդյունքում Google-ը համաձայնել է 100 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել եւ պարտավոր է օգտատերերին ծանուցում տրամադրել դեմքերի ճանաչման գործառույթի մասին։ Իլինոյսի բնակիչները, որոնք օգտագործել են «Google Ֆոտո» հավելվածը 2015 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2022 թվականի ապրիլի 25-ը, մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 24-ը կարող են դիմել փոխհատուցման համար: Տուժողները կարող են ստանալ 200-400 դոլար՝ կախված դատական ծախսերից եւ խմբային հայցերի մասնակիցների թվից։ Կարգավորման համաձայնագրի հաստատման վերջնական լսումները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին։





























