Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 11 շենքի բնակարաններից մեկում օգոստոսի 9-ին թմրամոլների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը  նշված բնակարանից բերման է ենթարկել նախկինում 4 անգամ դատապարտված, 50-ամյա  Արամ Ա.-ին, 43-ամյա Արամ եւ 48-ամյա Արիստակես Հ.-երին ու 44-ամյա Արգամ Ա.-ին:

Բնակարանի զննությամբ հյուրասենյակի սեղանի վրայից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ 3 ներարկիչ՝ գորշ գույնի հեղուկով եւ փայլաթղթով փաթեթավորված 0.6 գ  կանեփանման զանգված, պահարանի մեջ` 7.62 մմ տրամաչափի  2 փամփուշտ, իսկ նշված շենքի մոտ գտնվող Արամ Ա.-ին պատկանող ցախատնից` 800 գ ընդհանուր կշռով կանեփի 5 բույս:

Արամ Ա.-ն  հայտնել է, որ կանեփի բույսերը ինքն է աճեցրել իր օգտագործման համար, 0.6 գ կշռով կանեփանման զանգվածը նույպես պատկանում է իրեն, իսկ Արամ Հ.-ն հայտնել է, որ ներարկիչները` թմրամիջոցով, իրենն են, որը ինքը պատրաստել է  իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: