Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, կիսատ թողնելով ամառային արձակուրդները, պատրաստվում է այսօր` օգոստոսի 11-ին արտակարգ նիստ հրավիրել: Քննարկման թեման արդեն մի քանի օր երկրի տարբեր քաղաքներում սկիզբ առած զանգվածային անկարգություններն են:
Միաժամանակ, Բիրմինգհեմում հետաքննություն է սկսվել երեք մարդու մահվան առնչությամբ, որոնք վրաերթի են ենթարկվել, երբ փորձել են պաշտպանել իրենց սեփականությունը վանդալներից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին բրիտանական Guardian-ը հայտնել է, որ անկարգությունների հետեւանքով կալանավորվածների թիվը հասել է 1335-ի: Նրանցից 768-ը կալանավորվել են Լոնդոնում եւ նրան հարակից տարածքներում, 167-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: 300 մարդ կալանավորվել է Մանչեսթերում:
Լոնդոնի հյուսիսում գտնվող դատարանում նիստը շարունակվել է ողջ գիշեր: Պաշտպաններից մեկի խոսքով, ձերբակալվածներով լի երեք ֆուրգոն դատարանի բակում սպասելիս են եղել իրենց հերթին, քանի որ ժամանակավոր պահման խցերը լիքն են եղել:
Օգոստոսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցի դիմել, որպեսզի վերջ տան բռնություններին:
Նշենք, որ զանգվածային անկարգությունները Մեծ Բրիտանիայում սկսվել են օգոստոսի 6-ին Թոթենհեմում բողոքի խաղաղ ցույցից հետո, երբ մի քանի հարյուր մարդ բողոքում էր ոստիկանի կողմից սեւամորթ Մարկ Դագանի սպանության դեմ:
Բողոքի ցույցը վերաճել էր ջարդարարության եւ այժմ տարածվել է Լոնդոնի այլ շրջաններում եւ մի քանի այլ քաղաքներում: Ձերբակալվել է մոտ 1300 մարդ:


























