Հնարավոր է, որ մոտ ապագայում «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ երգիչ Էրիկը տեղափոխվի Մոսկվա: Այդ մասին հայտարարել է ինքը` Էրիկը, օգոստոսի 11-ին կայացած ասուլիսում:

«Նոր ալիք» մրցույթին մասնակցելուց հետո ես մի շարք հրավերներ եմ ստացել Մոսկվայից: Այս տարվա աշնանը Իգոր Կրուտոյին պատկանող ARS ընկերությունը նախագիծ է պատրաստում ORT հեռուսաալիքով, որտեղ ես նույնպես մասնակցելու եմ: Օգոստոսի 17-ին ես ժյուրիի կարգավիճակով կմասնակցեմ «Նոր ալիքի» մանկական մրցույթին»,-ասել է երգիչը:

Էրիկը նշել է, որ որտեղ էլ որ լինի, միշտ Հայաստանն է ներկայացնելու: Երիտասարդ երգիչը խոստովանել է, որ Շարլ Ազնավուրն իր համար միշտ իդեալ է եղել, քանզի նա Հայաստանի համար շատ ավելին է արել, քան տեղի հայերը:

Մրցույթում իր ելույթին անդրադառնալով` Էրիկը շեշտել է, որ ժյուրիի անդամները, հատկապես Ֆիլիպ Կիրկորովը, դրական էին տրամադրված իր հանդեպ, սակայն հնարավոր չէ կանխագուշակել ժյուրիի գնահատականը: «Իմ ելույթից հետո պարզվեց, որ խոսակցություն է եղել հանդեսատեսի համակրանք մրցանակը եւ Ալլա Պուգաչովայի մրցանակը բաշխելու շուրջ: Քանի որ երեք օր շարունակ ես առաջինն եմ եղել SMS հաղորդագրությունների թվով, ապա ես ստացա ինձ համար ամենակարեւոր մրցանակը` հանդիսատեսի համակրանքը, իսկ Ֆինլանդիայի խումբը` Ալլա Պուգաչովայի մրցանակը, քանզի ժյուրիի անդամները չէին կարող նեղացնել Եվրոպայի ներկայացուցիչներին: Բայց ես կարծում եմ, որ նրանք իսկապես արժանի էին այդ մրցանակին»,-նշել է Էրիկը:

Հիշեցենք, որ հուլիսի 26-ից 31-ը Յուրմալայում անցկացված երիտասարդ կատարողների միջազգային երգի մրցույթում` «Նոր ալիք 2011»-ում, Հայաստանը ներկայացրել է երգիչ Էրիկը: