Երիտասարդ երգիչ Էրիկը, ով այս տարի ներկայացնում էր Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթում, բավարարված է իր ելույթից համաքաղաքացիների արձագանքից: «Ախր հայ հասարակությունը սիրում է քննադատել»,- նշել է նա օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Առաջին համերգներից հետո մրցույթի մասնակիցները պետք է տորթ կտրեին: Ես եւ երկու մասնակիցները կանգնած էինք Բորիս Մոիսեեւի կողքին, երբ Ալեքսանդր Ռեւզինը (ժյուրիի անդամ-խմբ.) տեսավ իմ դեմքի արտահայտությունը, խորհուրդ տվեց կանգնել Վալերի Մելաձեի կողքին, որ հետո Հայաստանում ավելորդ խոսակցություններ չլինեն… Ես ապշած էի Ռեւզինի արձագանքից: Ավելի ուշ պարզվեց, որ նա 3 ամիս ծառայել է Գորիսում եւ այդ ընթացքում հասցրել է ուսումնասիրել հայկական բնավորությունը»,- ասել է երգիչը:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը «Նոր ալիք» մրցույթում արժանացել է հանդիսատեսի համակրանք պարգեւին: Մրցույթին մասնակցել են 16 կատարողներ 13 երկրներից: