Մերձավոր Արեւելք՝ այդ թվում Սաուդյան Արաբիա կատարվելիք ճանապարհորդության շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը քննարկելու է էներգետիկ ռեսուրսների արտադրության հարցը: Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
«Նավթի արդյունահանումը կլինի քննարկման մի մասը: Ակնհայտ է, որ քննարկվելու են էներգիայի արտադրությանը վերաբերվող հարցերը», - նշել է Քիրբին:
Հայտնի է, որ Բայդենն իր ուղեւորությունը սկսելու է հուլիսին՝ Իսրայել, օկուպացված Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա կատարելիք այցով:
Սաուդյան Արաբիա այցելելու միտքն առաջացել է այն բանից հետո, երբ Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրված լինելով, մարդու իրավունքների ոտնահարման առումով թագավորությունն անվանել էր «սրիկա պետություն» եւ խոստացել վերանայել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները: Հայտնի է, որ այցի ընթացքում Բայդենը հանդիպելու է գահաժառանգ Մուհամմեդ Սալմանի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մեղադրել էր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար, իսկ Բայդենը նշել էր, որ թագավորություն այցելելու դեպքում կհանդիպի թագավորի հետ: Սակայն, ԱՄՆ-ում բենզինի կտրուկ գնաճով, Իրանի միջուկային ծրագրի եւ Չինաստանի համաշխարհային ազդեցության ծավալման վերաբերյալ աճող մտահոգություններով պայմանավորված, Բայդենն ու իր թիմը որոշում են կայացրել առ այն, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների սառեցումը չի բխում Միացյալ Նահանգների շահերից:
Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն էլ, իր հերթին, հայտնել է, որ Բայդենը կհանդիպի թե՛ թագավոր Սալմանի, թե՛ արքայազն Մուհամմեդի հետ:
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունն անհամբեր սպասում է նախագահ Բայդենի հետ հանդիպմանն ու մեր գործընկերության հաջորդ փուլերի հստակեցմանը», - ասվում է Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ՝ շեշտելով, որ, համաշխարհային տնտեսության, առողջության, կլիմայի եւ միջազգային հակամարտությունների հետ կապված գլոբալ մարտահրավերների ընթացքում, ամբողջ աշխարհում խաղաղության, բարգավաճման եւ կայունության խթանման նպատակով երկու պետությունների միջեւ գործընկերությունն առավել քան երբեւէ կարեւոր է:





























