Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Զոլաքար եւ Մարտունի համայնքների պոմպակայանների բացման արարողությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

Զոլաքար եւ Մարտունի համայնքների` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերակառուցված պոմպակայանները (ներդրումները` համապատասխանաբար  3,5 մլն եւ 2,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), գտնվում են «Սեւան» ազգային պարկում եւ սնուցվում են Սեւանա լճի ջրով:

Լճի մակարդակի տատանումների հետեւանքով առաջացող խնդիրները լուծելու նպատակով Զոլաքարում կառուցվել է 2-րդ աստիճանի պոմպակայանի նոր շենք, իսկ Մարտունիում վերակառուցվել է պոմպակայանի նախկին շենքը: Արդյունքում շուրջ 9 հազար ջրօգտագործողներ հնարավորություն ունեն օգտվել հուսալի ոռոգումից մոտ 800 հեկտար հողատարածքների վրա:  Ընդհանուր առմամբ «ՀՄՀ-Հայաստան»-ի ներդրումը Գեղարքունիքի մարզում կազմում է ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է նաեւ Վարդենիսի ինքնահոս համակարգի եւ 9 համայնքներում ներտնտեսային ցանցերի վերականգնումը:

17 պոմպակայանների վերանորոգումը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ամենամեծ բաղադրիչն է, որի շրջանակում ԱՄՆ կառավարությունը ներդրել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը 61 նոր եւ ժամանակակից պոմպեր եւ շարժիչներ է տեղադրել բոլոր 17 պոմպակայաններում, ինչպես նաեւ ներդրել է աշխատանքների ավտոմատացման համակարգեր:

Վարչապետը անդրադառնալով ծրագրի նշանակությանը, նշել է. «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում Հայաստանում ներդրվել է շուրջ 177 մլն դոլար: Արդյունքում ծրագրի մեջ ընդգրկվել են շուրջ 350 գյուղական համայնքներ, եւ ծրագրից, մեր գնահատականներով, օգտվելու են շուրջ 400 հազար բնակիչներ: Երկրորդ կարեւորագույն արդյունքն այն է, որ մեր գյուղացիներին ցուցաբերվում էր տեխնիկական օժանդակություն, հաղորդվում էին գիտելիքներ, թե այդ նոր սարքավորումներով, նոր տեխնիկայով ինչպես պետք է կազմակերպվի գյուղատնտեսությունը:

Մյուս բաղադրիչը վարկային բաղադրիչն էր, որը հնարավորություն էր տալիս գյուղատնտեսությունում խթանել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, եւ այդ ծրագիրը նույնպես հաջողությամբ ընթանում է: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս ծրագիրը մենք համարում ենք լավագույն ծրագրերից մեկը, որն իրականացվել է վերջին տարիների ընթացքում Հայաստանում, եւ կառավարության անունից պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք ԱՄՆ-ին այս օժանդակության համար»: