Էստոնիայի դատախազությունը հաղորդել է  օգոստոսի 11-ին Կարեն Դրամբյանի` պաշտպանության նախարարություն ներխուժելու մանրամասները:  Նա սպանվել էր օպերացիայի ընթացքում:

Դատախազության տեղեկություններով` զոհվածը գործել է մենակ: Դրամբյանը զոհվել է հինգշաբթի, փոխհրաձգության ժամանակ, տեղական ժամանակով մոտ 17:25-ին: Դեպքի վայր հասած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հաղորդում է  DELFI-ին:

Անվտանգության ոստիկանության բանակցողները փորձել են շփման մեջ մտնել Դրամբյանի հետ, սակայն ապարդյուն: Նա գրեթե երկու ժամ միայնակ գտնվել է նախարարության առաջին հարկի վարչական մասում: Հենց այդտեղ էլ տեղի է ունեցել հատուկ ստորաբաժանման եւ հանցագործի միջեւ փոխհրաձգությունը: Նախնական տեղեկությունը, թե նա փորձել է ինքնասպան լինել, չի հաստատվել:

Միջադեպի արյունքում մեկ ոստիկան թեթեւ վիրավորվել է, այլ տուժածներ չեն եղել:

Դրամբյանի արարքի շարժառիթները, հնարավոր է, բացահայտվեն հարուցված քրեական գործի շրջանակում:

Նախնական տվյալներով` կատարվածի վայրում հայտնաբերվել են երեք ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք վնասազերծվել են:  Դեպքի վայրում ընդհանուր առմամբ պայթել է ավելի քան 10 պայթուցիկ սարք:

Հանցագործը կրակել է սեփական զենքից, որի վերաբերյալ թույլտվություն է ունեցել, նա նաեւ օգտագործել է ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք, սակայն, միայն աղմուկ եւ ծուխ են առաջացրել ու ոչ մի ավերածություն կամ վնաս չեն հասցրել մարդկանց:

Միջադեպի ժամանակ պատանդներ չեն վերցվել, սակայն  նախարարության շենքում գտնվող երկու հոգի մոտ կես ժամ գտնվել են Դրամբյանի վերահսկողության տակ: Հանցագործը ոչ մի պահանջ չի ներկայացրել ոչ գրավոր, ոչ էլ որեւէ այլ եղանակով: Նա խոսել է ռուսերեն:

57-ամյա Կարեն Դրամբյանն Էստոնիայի քաղաքացի է եղել: Նա ծնվել է  1954 թ. Հայաստանում, 1993թ-ին Էստոնիայի քաղաքացիություն է ստացել: Նախկինում նա ոստիկանության հետ առնչություն ունեցել է, սակայն քրեական պատասխանատվության երբեւէ չի ենթարկվել: 

Հաղորդվում է, որ նա առնչություն չի ունեցել ոչ պաշտպանական ուժերի, ոչ պաշտպանության նախարարության հետ: