Թե ինչքան նստեց մեր պետության վրա Զորի Հայկովիչի շուրջերկրյա ճամփորդությունը, եւ դրանից ինչ շահեց համայն հայությունը, դժվար է ասել: Զուտ ծախսի առումով տարբեր թվեր են ասում` միայն պետբյուջեից 140 միլիոն դրամ հատկացման մասին են նշում: Էլ չենք խոսում աշխարհի տարբեր ծագերում բնակվող մեր հայրենակիցների հովանավորությունն ու աջակցությունը: Եկեք հրաժարվենք ծախսերը հաշվելու մտադրությունից, մանավանդ, որ սա ոչ առաջին, ոչ էլ, կարծում ենք, վերջին ճամփորդությունն է` այս գործը Զորի Բալայանին ու նրա նավաստիներին, ըստ ամենայնի, շատ է դուր եկել: Մեր ղարաբաղցի հայրենակիցն էլ ակնհայտորեն ամրացել է, արեւահարվել, կազդուրվել: Սրտի ծանր վիրահատությունից եւ երկարատեւ հիվանդությունից հետո ծովային օդը թերեւս կազդուրիչ ու երիտասարդացնող դեր է խաղացել: Իսկ ինչեր չես անի հայտնի հրապարակախոսին ու քո համերկրացուն օգտակար լինելու համար: Այնպես որ Սերժ Սարգսյանի գթասրտությունը եւ «Արմենիա» նավի շուրջերկրյա ճամփորդության վերջին հանգրվանում նրան անձամբ դիմավորելու ակցիան պետք է դիտարկել զուտ հումանիստական տեսանկյունից:
Չնայած ՀՀ նախագահն այնքան մեծահոգի է եղել, որ Լառնակայի իր ելույթում բառեր ու որակումներ չի խնայել` ուղղված «քաջարի ծովագնացներին», որոնք «երկամյա սխրանքի» էին ելել եւ «ոչ միայն աշխարհաշուրջ ճանապարհորդություն կատարել», այլեւ «հայրենիքի շունչն են հաղորդել մեր համայնքներին»` «նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձեւը»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս անիմաստ «գիտարշավը» նվիրված է եղել հայ մայրերին ու կրել է Մեսրոպ Մաշտոցի անունը: Եվ գիտե՞ք ինչու է գիտարշավ կոչվում` որովհետեւ Զորի Հայկովիչը, որպես իսկական տուրիստ, լուսանկարել է հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու հին գերեզմանատներ:




























