Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդվարդ Մուշեղյանը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ հանդիպել է Փափազյան փողոցում տեղակայված կրպակների տերերին։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչական շրջանի ղեկավարը, կրպակատերերին ներկայացնելով խնդրի առնչությամբ քաղաքապետարանի մոտեցումներն ու դիրքորոշումը, մեկ անգամ եւս ընդգծել է , որ ապամոնտաժման են ենթարկվում միայն կենտրոնական փողոցներում տեղակայված պայմանագրային ժամկետներն ավարտված եւ ապօրինի գործող կամ լքյալ կրպակները։

Ընդ որում շեշտվել է, որ անկախ կրպակների կարգավիճակից, բոլորին այլընտրանք է առաջարկվում։ Մասնավորապես առաջարկվում է վարչական շրջանի մեկ այլ հատվածում ստեղծել պահանջվող չափորոշիչներին համապատասխանող կրպակաշար եւ, համապատասխան փաստաթղթերի օրինական ձեւակերպումից հետո, ստանալով Երեւանի քաղաքապետի որոշումը՝ շարունակել առեւտրային գործունեությունն արդեն թույլատրված, քաղաքակիրթ պայմաններում եւ օրինական դաշտում։

Կրպակատերերին առաջարկված տարբերակը որպես միակը չի ներկայացվել։ Ավելին, վարչական շրջանի ղեկավարը կրպակատերերին առաջարկել է  այլ տարածքների առաջարկություն նույնպես անել, որոնք նույնպես քննության կառնվեն։
Կրպակատերերից ոմանք էլ, ի դեպ, առիթն օգտագործելով, սոցիալական այլ խնդիրներ էլ են բարձրացրել, որոնց վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարը տեղում կոնկրետ հանձնարարականներ է տվել։