Կիեւում օգոստոսի 15-ին վերսկսվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատական գործը: Դատարանի դահլիճ են ժամանել Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն եւ դուստրը` Եվգենիա Կառը, ովքեր հանդես են գալիս որպես պաշտպաններ, հաղորդում է «Ինտեռֆաքսը»:
Կիեւի վերաքննիչ դատարանը հրաժարվել է փոխել Պեչերովյան դատարանի` Յուլյա Տիմոշենկոյին կալանքի տակ առնելու որոշումը, օգոստոսի 12-ին հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Դատավոր Օլգա Եֆիմովան որոշումը պատճառաբանել է նրանով, որ քրեակատարողական օրենսդրության համաձայն` ձերբակալման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Ինքը` Յուլյա Տիմոշենկոն, չի մասնակցել դատական նիստին:
Կիեւի Պեչերյան դատարանը օգոստոսի 5-ին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դատապարտել է ազատազրկման` բավարարելով մեղադրող կողմի համապատասխան միջնորդությունը:
Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ.-ին Ռուսատանի հետ գազային պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունները գերազանցելու մեջ: Դատական գործն սկսվել է հունիսի 24-ին:
Տիմոշենկոն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հալածանքների: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան 7-10 տարվա ազատազրկում է սպառնում:
Տիմոշենկոն նստած է Կիեւ քաղաքի Լուկյանովյան քննչական մեկուսարանում:




























