Էստոնիան ուսումնասիրում է հարցը` չի գործել արդյոք իրավաբան Կարեն Դրամբյանը «Ռուսաստանի կողմից բալթյան հանրապետության դեմ հզոր քարոզչական հարձակման ազդեցության տակ», Washington Times-ին հայտնել է բարձրաստիճան էստոնացի պաշտոնյան:

«Բարդ է ասել, թե ինչ է ուղղորդել այդ մարդուն»,- նշել է պաշտպանության նախարար Մարտ Լաարը. «տարբերակներից մեկը, որ քննարկում ենք, Էստոնիայի դեմ հզոր քարոզչական հարձակումն է, հատկապես նախորդ շաբաթ»:

Lenta.ru-ի փոխանցմամբ, խոսքը գնում է Ռուսաստանի արձագանքի մասին, որ հետեւեց SS-ի էստոնացի վետերանների հավաքին, նաեւ նացիզմի գաղափարախոսներից մեկի` Ալֆրեդ Ռոզենբերգին նվիրված ցուցահանդեսին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Էստոնիայի քաղաքացի Կարեն Դրամբյանը ներխուժել էր պաշտպանության նախարարություն եւ կրակ բացել: Նա որեւէ պահանջ չէր ներկայացրել, իսկ փոխհրաձգության ժամանակ զոհվել էր: Շենքում գտնվող անձանցից ոչ ոք չի տուժել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունն իրականացնում են անվտանգության ոստիկանությունն ու Հյուսիսային շրջանային դատախազությունը: Դրամբյանի շարժառիթները դեռ անհայտ են:

Դրամբյանը ծնվել է Հայաստանում, ապա 90-ականների սկզբին տեղափոխվել է Էստոնիա եւ քաղաքացիություն ստացել: Նա իրավաբան էր, իսկ 2009-ին առաջադրվել էր Մաարդուի քաղաքային խորհրդի կազմում, սակայն ապարդյուն:

Նշվում է, որ նման քայլի նա կարող էր գնալ նաեւ անձնական պատճառներով, նա հիվանդ էր, անձնական ողբերգություն էր ապրել, զրկվել էր իրավաբանական պրակտիկայից, քանի որ էստոներենի իմացության տեղեկանք չուներ:

Դրամբյանի ընկեր եւ կուսակից Անատոլի Եգորովը հայտնել էր, որ նա գնացել է ահաբեկչության Էստոնիայի վարած հակառուսական քաղաքականության պատճառով: Եգորովն ասել է, թե Դրամբյանն արդարության սրացած զգացում ուներ, կտրականապես դեմ էր ազգայնականությանը: