Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն օգոստոսի 16-ին ընդունել է Գերմանիայի պետքարտուղար Յորգ Ասմուսենին: Պատվիրակության կազմում էին նաեւ Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը, բանկի փոխնախագահ Եվա Վիտտը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը եւ այլոք:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում իրականացնող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:
Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի միջեւ կնքվել է նաեւ ֆինանսավորման համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի Վանաձոր քաղաքի եւ հարակից այլ համայնքների կոշտ կենցաղային թափոնների կառավարման փորձագիտական ուսումնասիրություն: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը եւ բանկի գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը:
Ուսումնասիրության շրջանակներում կկատարվի համայնքներում իրականացվող աղբահանության ծառայության ներկայիս իրավիճակի գնահատում, կներկայացվեն ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկը եւ վերջինիս իրականացման հետ կապված ֆինանսական գնահատականը: Բացի այդ, կհստակեցվեն գործող աղբավայրի փակման եւ Եվրամիության նորմերին համապատասխան նոր սանիտարական աղբավայրի տեղանքի ընտրության եւ կառուցման համար անհրաժեշտ միջոցառումները, թափոնների վերամշակման հնարավորությունները եւ դրանց ֆինանսական հաշվարկները:
Փորձագիտական ուսումնասիրությունը կտեւի մոտ 10 ամիս, դրամաշնորհի չափը կազմում է 650 հազար եվրո:




























