Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հայկական դիվանագիտությունը ձախողվել է: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, ձախողումը կապված է այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն սկսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան հարցի հետ: «Միեւնույն ժամանակ, նախկինում եւ ԱՄՆ-ը, եւ ԵՄ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկում էին որպես առանձին հարց, որը շաղկապված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Իսկ տվյալ պահին երկուսն էլ կարծում են, որ ղարաբաղյան հարցի լուծումը հնարավորությունը կստեղծի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- նկատել է Մանոյանը: Նրա խոսքով, չնայած, որ հայկական դիվանագիտական շրջանակները հայտարարել են հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին, այդուհանդերձ ակնհայտ է, որ դա շոշափելի արդյունքներ չի տվել:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկի հայկական դիվանագիտությունը` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, Մանոյանն ասել է. «Միակ լուծումը հայ-թուրքական արձանագրությունների տակից ետ կանչելն է, ինչը նոր իրավիճակ կստեղծի երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Թեեւ տվյալ պահին Թուրքիան շահագրգռված չէ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմամբ, քանի որ ստացել է ցանկալին` դիմացը ոչինչ չտալով»: