«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումները հիասթափություն են առաջացրել: Բայց ճիշտ չէ հոռետեսորեն տրամադրվել»: Այդ մասին օգոստոսի 16-ին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:

«Իսկապես, կազանյան հանդիպումը առաջընթացի պատճառ չդարձավ, ինչպես որ ակնկալվում էր: Դա հիասթափություն է առաջացնում, քանզի Ռուսաստանի ղեկավարությունը լուրջ միջնորդական ջանքեր է գործադրում»,- հայտնել է նա` հավելելով, որ հանդիպումներից մեկում առաջընթացի բացակայությունը չպետք է ստվեր նետի ամբողջ գործընթացի վրա, հայտնում է APA–ն:

Կոբիան նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է արագացվի, հաղորդում է Trend-ը:

Նա նաեւ նշել է, որ իրեն հայտնի է Սոչիում կայացած Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման դրական վիճակների մասին: «Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը շարունակվի: Չէի ցանկանա մտածել, որ կարգավորման գործընթացը ձախողվել է»,-հայտարարել է նա: