Ամերիկյան Ինդիանապոլիս քաղաքում օգոստոսի 13-ին արհեստական բեմի փլուզման արդյունքում զոհված 5 անձանցից մեկը ազգությամբ հայ էր:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, 23-ամյա Ալինա Բիգջընին հայ ներգաղթյալի դուստր էր: Դժբախտ պատահարի հաջորդ օրը ընտանիքի անդամները պատրաստվում էին նշել Ալինայի ծննդյան օրը: 2011-ին նա ավարտել էր Ինդիանա նահանգի Մանչեստր քոլեջը եւ բոլորովին վերջերս աշխատանքի հրավեր էր ստացել՝ անգլերեն դասավանդելու Մանսի բարձր դպրոցում:
Դանիել Ստոյը, ով Ալինայի հետ քոլեջում է սովորել եւ նրա լավագույն ընկերներից էր, ասել է, որ Ալինան ուրախ, պոռթկուն եւ պարզապես զարմանալի աղջիկ էր, սիրում էր իր ընտանիքի անդամներին եւ դա նրա համար առաջնային էր:
«Նրա դեմքին միշտ ժպիտ կար», - ասել է Ալինայի դպրոցական ընկերներից մեկը՝ Արթուրո Պենան, «Նա երբեք բարկացած չէր լինում, շատ խելացի էր, հոգատար ու սիրող։ Երբ որեւէ վատ բան էր պատահում, նա վանում էր այն․ ահա թե ինչպիսի անձնավորություն էր նա»:
Ֆորտ Ուեյնում, որտեղ ապրում էր Ալինան, կիրակի օրը անընդհատ անձրեւ է տեղացել: Նրա ընկերները մոմերով, լուսանկարներով ու ծաղիկներով հավաքվել էին այն դպրոցում, որտեղ սովորել էր Ալինան, հետո գնացել են նրանց տուն՝ հիշատակի արարողության ու Ալինայի մորը ցավակցություն հայտնելու համար:
Նշենք, որ սարսափելի միջադեպի արդյունքում զոհվել է 5, վիրավորվել 43 մարդ: Դեպքը տեղի էր ունեցել Ինդիանա նահանգում, Ինդիանապոլիսում: Ամենամյա տոնավաճառի ժամանակ փլվել էր ժամանակավոր կոնստրուկցիաներից պատրաստված բեմը Sugarland քանթրի խմբի ելույթից քիչ առաջ:
Ուժեղ քամու հետեւանքով բեմը սկսել է շարժվել եւ ընկել է` հանդիսատեսների մի մեծ խմբի ճխլելով երկաթի եւ ձայնային սարքավորումների տակ: Տոնավաճառի տարածքում, ըստ մասնագետների քամու արագությունն այդ պահին հասել է 80-ից 110 կմ/ժամի: Միջադեպը խուճապ է հարուցել եւ մարդիկ սկսել են արագորեն լքել համերգասրահի տարածքը: Վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց: Sugarland խմբի կատարողներից ոչ ոք չի տուժել:
Տեսանյութը` Associated Press-ի



























