Ամերիկացի ձեռնարկատեր, Microsoft ընկերության նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսն ասել է, որ իր գրեթե ողջ կարողությունը կնվիրաբերի Gates Foundation հիմնադրամին։ Միլիարդատերը, որի կարողությունը Forbes-ը գնահատել է 122,1 մլրդ դոլար, այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
«Ես նախատեսում եմ ֆոնդին տալ իմ գրեթե ողջ կարողությունը: Ի վերջո ես կլքեմ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը»,-ասել է գործարարը։
Գեյթսը հավելել է, որ հուլիսին 20 միլիարդ դոլար կփոխանցի իր հիմնադրամին՝ դրա ընդլայնման շրջանակներում։
Ձեռնարկատերը նաեւ հույս է հայտնել, որ իր օրինակին կհետեւեն նաեւ այլ մարդիկ, որոնք մեծ կարողություն ունեն։





























