Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաների արտադրությունը 2022 թվականին կարող է կրճատվել մոտ 50 տոկոսով, հայտնում է «Ինտեֆաքսը»։
«Շուկայի եւ արտադրության անկումը (ուղեւորատար ավտոմեքենաների) այս տարի կկազմի մոտ 50 տոկոս»,- Պետդումայի արտահերթ լիագումար նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Նախարարի խոսքով՝ էլեկտրամոբիլները օպտիմալ լուծում են թե՛ արտադրության, թե՛ շուկայի վերականգնման համար։ «Որովհետեւ ՛չ ներքին այրման շարժիչ, ո՛չ փոխանցման տուփ, ո՛չ կամրջակներ չեն պահանջվում: Սա օպտիմալացնում է նոր արտադրության մեկնարկի ժամկետները»,- ընդգծել է նա։
«Դուք այժմ անդրադարձաք արտադրական օբյեկտներից մեկին՝ «Ավտոտորին», որտեղ իսկապես կնքվել է հատուկ ներդրումային պայմանագիր, գործընկերներն ակնկալում են արդեն արտադրություն սկսել։ Հուսանք՝ այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին ավտոշուկան հագեցնել ավտոմեքենաներով»,- ասել է Մանտուրովը՝ պատասխանելով պատգամավորի հարցմանը։





























