Նախագահ Ջո Բայդենն «այնքան շատ հույսեր եւ պլաններ ուներ, որոնք ցանկանում էր իրականացնել, բայց ամեն անգամ ստիպված է ամենօրյա հարցեր լուծել»,- անցած շաբաթ Նանտակետում դոնորների ոչ մեծ ամբոխին ասել է առաջին տիկին Ջիլ Բայդենը։ Եթե դա այն բանի ցուցիչն է, թե ինչպես է Սպիտակ տունը տեսնում իրավիճակը, ապա ժխտումն ավելի խորն է, քան մենք զգուշանում էինք, գրել է New York Post-ը։

«Նախ՝ նա պաշտոնն ստանձնել է միայն մեկ հսկայական «խնդրով»՝ COVID համավարակով, որն անտեսել է, բացի՝ 1) իր նախորդի օրոք ստեղծված եւ արտադրված պատվաստանյութերի տարածումը (փորձելով յուրացնել բոլոր արժանիքները) եւ 2) դրանք օգտագործելով որպես նախադրյալ, որպեսզի ծախսերի հսկայական փաթեթ ընդունի, որն անմիջապես առաջ բերեց սրընթաց գնաճ, որն այժմ ամենավատն է 1981-ից ի վեր։

Եվ սա «պահի միակ խնդիրը չէ», որը ստեղծել է Բայդենը. նրա նոր մոտեցումը սահմանային վերահսկողությանն առաջ է բերել անլեգալ սահմանահատումների ռեկորդային եւ չդադարող քանակություն։ Նրա համառությունը Աֆղանստանից արագ փախուստի հարցում (հակառակ գեներալների խորհրդի) հանգեցրել է ԱՄՆ-ի քաոսային նվաստացման։ Նրա պատերազմ վարելու ձգտումը հանածո վառելիքի հարցում հանգեցրել է էներգիայի համար ջախջախիչ ծախսերի։

Իսկ նրա որոշումը՝ փորձել նոր Ռուզվելտ դառնալ եւ AOC-Բեռնի Սանդերս ծրագիրը վերածել օրենքի, այն ժամանակ, երբ նրա կուսակցությունը հազիվ վերահսկում է Սենատը, եւ առնվազն երկու սենատական դեմոկրատ նրան ուղղակի ասել է, որ իրենք անգամ առանձին չեն աջակցում նրան, դեմոկրատներին դրդել է մխրճվել անվերջ բանակցությունների մեջ՝ զրոյական ձեռքբերումով։

«Մենք չէինք սպասում, որ պատերազմ կլինի Ուկրաինայում»,- ավելացրել է Ջիլ Բայդենը։ Իրականում գիտեին. նախագահը շաբաթներ շարունակ նախազգուշացնում էր, որ Ռուսաստանն ուր որ է ներխուժելու է, բայց գործնականում ոչինչ չարեց, մինչեւ որ մարտական գործողությունները չբռնկվեցին։

«Նրա վրա բարդեցին այնքան շատ բան»,- ասել է Ջիլ Բայդենը, ասես դա չի վերաբերում ԱՄՆ յուրաքանչյուր նախագահի։

Բայց ամենից վատը ոչ ակնհայտ խոստովանությունն էր. նրա ամուսինը՝ Ջո Բայդենը, «այնքան հույսեր եւ պլաններ ուներ»՝ անցած ժամանակով։ Դա նշանակում է, որ ոչինչ չի մնացել աշխատանքի անցնելուց ընդամենը 18 ամիս հետո։

Եվ սա զուտ ճշմարտություն է. այն ամենը, ինչ կարող է առաջարկել Սպիտակ տունը, ժխտումն է, արդարացումները, մեղքն ուրիշի վրա բարդելը։ Ամերիկացիները ստիպված են փնտրել ցանկացած գործնական օրակարգ այլ տեղում ազգի իրական պահանջմունքների բավարարման համար»,- գրել է հրապարակման հեղինակը։