Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք»-ի համար տուրբինի վերադարձը ձգձգելու Կանադայի որոշումը քաղաքական չէ եւ կապված չէ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետ։

«Այստեղ այս որոշման հիմքում բոլորովին էլ քաղաքական հարցեր չեն եւ նույնիսկ Դոնբասում մեր հատուկ գործողությունը չէ: Պրագմատիկ դրդապատճառները, որոնք կապված են եվրոպական շուկա դուրս գալու հետ»,- «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումում ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեկ մեքենա պլանային վերանորոգման կարիք ունի։ Կանադայից հետ չեն տալիս, քանի որ «Գազպրոմ»-ի դեմ պատժամիջոցներ են սահմանվել, թեեւ այն Siemens ընկերության գործարանն է։ Ես ձեզ կասեմ, թե ինչու է Կանադան դա արել: Որովհետեւ նա ինքն է արդյունահանում նավթ ու գազ եւ նախատեսում է իրացնել եվրոպական շուկան»,- նշել է նա:

Նրա խոսքով, տուրբինները վերանորոգելու համար Ռուսաստանին անհրաժեշտ են սեփական ինժեներական դպրոցներ։ «Հիմա ասում են՝ այս մեքենաները կվերադարձնեն, ամեն դեպքում՝ մեկը կվերադարձնեն։ Բայց ի՞նչ կարգավիճակով կվերադարձնեն։ Ի՞նչ տեխնիկական պարամետրեր կան այնտեղ պլանային վերանորոգման ավարտից հետո: Միգուցե... ինչ-որ պահի վերցնեն ու անջատեն... Եվ վերջ, եւ «Հյուսիսային հոսքը» կանգ առնի, քանի որ նրանք եկել են այնտեղից՝ Կանադայից։ Դա իսկապես շատ կարեւոր է: Մեզ պետք են մեր սեփական ինժեներական դպրոցները»,- ասել է Պուտինը։

«Հյուսիսային հոսքը»՝ Եվրոպա «Գազպրոմ»-ի գազի մատակարարման հիմնական երթուղին հուլիսի 11-21-ը դադարեցվել է պլանային սպասարկման համար։ Այն ներառում է մեխանիկական բաղադրիչների եւ ավտոմատացման համակարգերի փորձարկում, հաղորդում է Nord Stream AG մայրուղու օպերատորը: