Թրեյդերներն ակնկալում են, որ գազի եվրոպական գներն առաջիկա տարիներին բարձր կմնան մատակարարման խնդիրների պատճառով, հաղորդում է FT-ը։
Գազի գինը, որը Եվրոպա կմատակարարվի 2023 եւ 2024 թվականներին, մոտ է ռեկորդային ամենաբարձր ցուցանիշին՝ համապատասխանաբար 134 եվրո եւ 82 եվրո մեկ ՄՎտժ-ի դիմաց։ Մինչեւ անցած ամառ գազի եվրոպական գները ավելի քան մեկ տասնամյակ շարունակ կազմում էին 40 եվրո/ՄՎտ/ժ։
Գազի գինը կրկնապատկվել է հունիսին, երբ Մոսկվան դադարեցրեց հոսքը դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք 1» գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքներին ընդառաջ: Բայց չնայած Ռուսաստանն այս ամիս վերսկսել է մատակարարումները՝ նոր հնարավոր խափանումների վախը ֆյուչերսային պայմանագրերը պահել է գրեթե ռեկորդային մակարդակի վրա:
RBC-ի վերլուծաբան Հելիմա Քրոֆթի խոսքով՝ ԱՄՆ կառավարության պաշտոնյաներն ավելի ու ավելի են հավատում, որ ամռանը «Պուտինը, հավանաբար, կձգտի Եվրոպային պահել մշտական խուճապի մեջ՝ կիրառելով շարունակական անջատման ռազմավարություն՝ կանխելու բավարար պահեստների կառուցումը»:





























