ԱՄՆ-ը դարձել է հեղուկ բնական գազի (ՀԲԳ) աշխարհի խոշորագույն արտահանողը 2022 թվականի առաջին կիսամյակում, վկայում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալները
Գերատեսչության հաշվետվության մեջ նշվում է, որ 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ՝ ԱՄՆ ՀԲԳ արտահանումը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 12 տոկոսով՝ օրական միջինը կազմելով 11,2 միլիարդ խորանարդ ֆուտ։
«ԱՄՆ ՀԲԳ-ի արտահանումը շարունակել է աճել երեք պատճառով՝ ՀԲԳ-ի արտահանման հզորությունների ավելացում, բնական գազի եւ ՀԲԳ-ի համաշխարհային գների աճ, ինչպես նաեւ համաշխարհային պահանջարկի աճ, հատկապես՝ Եվրոպայում»,- ասվում է փաստաթղթում:
Էներգետիկայի նախարարության գնահատականով՝ 2021 թվականի նոյեմբերից ՀԲԳ-ի արտահանման ԱՄՆ-ում հաստատված հզորությունն օրական աճել է 1,9 միլիարդ խորանարդ ֆուտով։
Բնական գազի եւ ՀԲԳ-ի միջազգային գները 2021 թվականի վերջին եռամսյակում եւ 2022 թվականի առաջին կիսամյակում հասել են ռեկորդային առավելագույնի։
Անցյալ տարվա վերջից եվրոպական երկրները սկսել են ավելի ու ավելի շատ ՀԲԳ ներմուծել, որպեսզի փոխհատուցեն խողովակաշարերով ներմուծման նվազումը Ռուսաստանից եւ համալրեն պահեստներում բնական գազի պատմականորեն ցածր պաշարները:
2022 թվականի առաջին կիսամյակում ԵՄ եւ Մեծ Բրիտանիա ՀԲԳ-ի ներմուծումը աճել է 63 տոկոսով եւ միջինը օրական կազմել է 14,8 մլրդ խորանարդ ֆուտ։
ԱՄՆ-ի ՀԲԳ-ի արտահանման մեծ մասն այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ուղղվել է ԵՄ եւ Մեծ Բրիտանիա, ինչը օրական կազմել է 71 տոկոս կամ 8,2 մլրդ խորանարդ ֆուտ՝ ԱՄՆ-ի ՀԲԳ-ի արտահանման ընդհանուր ծավալից: Ինչպես 2021 թվականին, այնպես էլ այս տարվա առաջին կիսամյակում, ԱՄՆ-ն ամենաշատ ՀԲԳ-ն ուղարկել է ԵՄ եւ Մեծ Բրիտանիա՝ ապահովելով Եվրոպա ընդհանուր ներմուծվող 14,8 միլիարդ խորանարդ ֆուտ ՀԲԳ-ի 47 տոկոսը։ Նրան հաջորդում են Կատարը՝ 15 տոկոս, Ռուսաստանը՝ 14 տոկոս, եւ աֆրիկյան չորս երկրներ միասին վերցրած՝ 17 տոկոս:





























