Թուրքիան պատրաստ է օգնել Սեւ ծովում նավերի տեղաշարժի միջանցքները մաքրել ականներից, Անկարան տեսնում է այդ պատրաստակամությունը Կիեւի մոտ, ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որը կոչված է լուծել համաշխարհային շուկաներ պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը։ Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ հուշագրում ամրագրված է, որ համաշխարհային կազմակերպությունը միանում է գյուղատնտեսական ապրանքների եւ պարարտանյութերի արտահանմանը խոչընդոտող հակառուսական սահմանափակումների վերացման աշխատանքներին։ Մեկ այլ փաստաթուղթ սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը։ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ պայմանավորվածությունները ենթադրում են համակարգման քառակողմ կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն հացահատիկի նավերը՝ զենքի մաքսանենգությունը եւ սադրանքները կանխելու համար։
Քալինի խոսքով, «անվտանգության նկատառումներից ելնելով, Կիեւի վարչակազմը ականապատել էր Օդեսայի նավահանգիստը» երկրում կոնֆլիկտի բռնկումից հետո։ «Այդ պատճառով Կիեւը երեք միջանցք կստեղծի։ Մենք պատրաստ կլինենք օգնել մաքրել այդ միջանցքները, բայց նրանք, կարծես, պատրաստ են դա ինքնուրույն անել»,- ասել է Քալինը:





























