Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Ստամբուլում հացահատիկի հարցով համակարգող կենտրոնի բացման մասին։ Հացահատիկի հարցով կենտրոնի ամբողջ գործունեությունը կհամակարգի ՄԱԿ-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հայտնել է, որ Ստամբուլում «քառյակի» ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում հացահատիկային միջանցքով նախատեսվում է ավելի քան 25 մլն տոննա հացահատիկ տեղափոխել  Ուկրաինայից։

«Ուկրաինայի նավահանգիստներում ավելի քան 25 միլիոն տոննա հացահատիկ պետք է ապահով եւ, որ ամենակարեւորն է, հնարավորինս արագ տեղափոխվի համաշխարհային շուկաներ, ինչի կապակցությամբ անվտանգ ծովային միջանցք ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ»,- ասել է թուրք նախարարը Ստամբուլում համատեղ համակարգման կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ:

Աքարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում 120 օրով նախատեսված «ապրանքային գործարքի» շրջանակներում համաձայնագրերը կողմերի համաձայնությամբ կարող են երկարաձգվել։