Անցյալ տարվա պատմական տնտեսական աճից եւ համավարակի ճգնաժամի ընթացքում մասնավոր հատվածի կորցրած բոլոր աշխատատեղերի վերականգնումից հետո զարմանալի չէ, որ տնտեսությունը դանդաղում է, քանի որ Դաշնային պահուստը միջոցներ է ձեռնարկում ինֆլյացիան նվազեցնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։
«Բայց նույնիսկ հիմա, երբ մենք բախվում ենք պատմական գլոբալ մարտահրավերների, մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այս անցումային շրջանը կանցնենք ավելի ուժեղ ու պաշտպանված»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ աշխատաշուկան պատմականորեն ուժեղ է մնում՝ գործազրկության մակարդակը կազմում է 3,6 տոկոս, իսկ միայն երկրորդ եռամսյակում ստեղծվել է ավելի քան 1 միլիոն աշխատատեղ։
«Սպառողական ծախսերը շարունակում են աճել։ Այս շաբաթվա սկզբին ես հանդիպեցի կորեական SK Group-ի նախագահի հետ, մեկն այն ընկերություններից, որն իմ պաշտոնավարման օրվանից ավելի քան 200 միլիարդ դոլար է ներդրել ԱՄՆ-ի արտադրության մեջ՝ նպաստելով ԱՄՆ-ի արտադրության պատմական վերականգնմանը:
Իմ տնտեսական ծրագիրն ուղղված է ինֆլյացիայի նվազեցմանը` չհրաժարվելով բոլոր տնտեսական ձեռքբերումներից, որոնց մենք հասել ենք: Կոնգրեսն ունի դա անելու պատմական հնարավորություն՝ արագ ընդունելով CHIPS-ի մասին օրենքը (Չիպերի եւ գիտության մասին օրենք (CHIP-plus), որը կֆինանսավորի եւ կխրախուսի ԱՄՆ կիսահաղորդիչների արտադրությունը՝ Չինաստանի գիտության հետ մրցակցելու համար - խմբ.) եւ ինֆլյացիան նվազեցնելու մասին օրենքը»,- եզրակացրել է Ջո Բայդենը։




























