Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն ասել է, որ հացահատիկ արտահանող առաջին նավը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի նավահանգիստը կլքի երկուշաբթի օրը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ելույթ ունենալով Kanal 7 հեռուստաալիքի եթերում՝ Քալընն ասել է, որ Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը, հավանաբար, շատ շուտով կավարտի արտահանման ուղիների վերջնական աշխատանքը։
Ռուսաստանը եւ Ուկրաինան ցորենի համաշխարհային մատակարարներն են, եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ անցած շաբաթ Ստամբուլում կնքված համաձայնագիրը կոչված է մեղմելու պարենային ճգնաժամն ու իջեցնելու հացահատիկի համաշխարհային գները:
Համաձայնագրի նպատակն է ապահովել հացահատիկի մատակարարումների անվտանգ անցումը դեպի Չորնոմորսկ, Օդեսա եւ Յուժնի նավահանգիստ:




























