Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը հայտարարել է, որ նախկին ֆրանսիական գաղութի տարրական դպրոցներում այս տարվա վերջին կսկսեն անգլերեն դասավանդել, հաղորդում է BBC-ն։

«Ֆրանսերենը պատերազմի գավաթն է, իսկ անգլերենը՝ միջազգային լեզու»,- հայտարարել է նա։

Նշենք, որ Ալժիրը Ֆրանսիայից անկախացել է 1962 թվականին՝ արյունալի ութամյա պատերազմից հետո, որը շարունակում է լարված պահել երկու պետությունների հարաբերությունները։

Հաստատություններում եւ բիզնեսում ֆրանսերենի շարունակական օգտագործումը զգայուն թեմա է: Երկրի պաշտոնական լեզուներն են արաբերենը եւ թամազիթը, որով խոսում է ամազիգների կամ բերբերների փոքրամասնությունը։

Գործող ուսումնական ծրագրի համաձայն՝ միջնակարգ դպրոցում անգլերենը դասավանդվում է 14 տարեկանից, իսկ ֆրանսերենը՝ 9 տարեկանից։

1990-ականների սկզբին սկսվել էր մի նախաձեռնություն, որը ծնողներին հնարավորություն էր տալիս տարրական դպրոցի երեխաների համար ֆրանսերենի եւ անգլերենի միջեւ ընտրություն կատարել:

Սակայն դա վրդովմունք էր առաջացրել Ֆրանսիայում, եւ Ալժիրի կառավարության ֆրանսիամետ լոբբիզմը կոչ էր արել հրաժարվել սխեմայից: Արդյունքում կրթության նախարարն ազատվել էր աշխատանքից։