Արդեն փաստ է, որ նիկոլական իշխանությունը որդեգրել է իրեն կոշտ ձևով քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Խնդիրն իհարկե ունի իրավական բաղադրիչ, և այդ նոր քաղաքականությունը հակադիր է մարդու իրավունքների եվրոպական արժեհամակարգին։ Բայց իմ կարծիքով՝ առաջնայինը սա չէ։

Առաջնայինն այն է, որ Հայաստանում հայտնվել է իշխանություն, որը պատրաստ է հայկականությունը, ազգայինը ոտնատակ տալ՝ փորձելով հետ պահել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին իրեն կոշտ ձևով քննադատելուց։ «Պուպսիկ» ձևով քննադատել՝ կարելի է։ Բայց ֆոկուսն այն է, որ ավելի լավ է լռել, քան դավաճաններին ու սրիկաներին քննադատել «պուպսիկ» ձևերով։

ՀԳ. Ընկերուհի Սյունե, պի՛նդ կաց»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Նիդերլնադների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Հիշեցնենք, որ  արգելվել էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը: