Հուլիսի վերջին Ադրբեջանը սկսեց տեղեկատվական նախապատրաստումը Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինում էսկալացման համար՝ հայկական կողմին անհիմն մեղադրելով եռակողմ հայտարարության խախտման մեջ, որի դրույթներն ինքը՝ Բաքուն, շարունակում է համառորեն չկատարել։ Այդ ամենն իսկական զինված ագրեսիայի հանգեցրեց Ադրբեջանի կողմից՝ օգոստոսի 1-ից սկսած։ Էսկալացումն իր գագաթնակետին հասավ օգոստոսի 3-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, գնդակոծեցին ՊԲ մարտական դիրքերը եւ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը նաեւ ականանետեր, նռնականետեր եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառեց, ինչի հետեւանքով մահացու վիրավորվեցին պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը։ Եւս 19 զինծառայող տարբեր ծանրության վնասվածքներ ստացան։
Օգոստոսի 2-ի երեկոյան՝ Ղարաբաղում էսկալացման գագաթնակետին նախօրեին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Հատկանշական է, որ ոչ Ադրբեջանի կողմից ՀՀ ՊԲ մարտական դիրքերի գնդակոծման մեկնարկից առաջ, ոչ էլ դրանից հետո Պուտինը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հեռախոսազրույց չի ունեցե։ Համենայնդեպս, ոչ Մոսկվան, ոչ Բաքուն պաշտոնական տեղեկություն չեն հրապարակել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Պուտինի գրաֆիկում արայժմ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցներ դեր նախատեսված չեն Լեռնային Ղարաբաղում լարվածության ֆոնին։ Իրավիճակն ուշագրավ է, քանի որ սովորաբար նման դեպքերում միշտ հավասարակշռություն է պահպանվել. Ռուսաստանի իշխանությունների եւ Երեւանի գործընկերների հեռախոսազրույցների դեպքում համանման զրույց է անկացվել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ եւ հակառակը։
Այս դեպքում Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ամենաբարձր մակարդակի այս հավասարակշռությունը փաստացի չի պահպանվել։ Ընդ որում, արտգործնախարարների մակարդակով շփման սովորական ձեւաչափը եւս չի պահպանվել։
Մասնավորապես, օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրուցակիցները կրկին անդրադարձել են 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Սակայն Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի միջեւ համանման զրույցի մասին պաշտոնական հաղորդումներ չեն եղել։ ՌԴ ԱԳՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ շփումների մասին տեղեկությունը հայտնվել է միայն այսօր։
Այդ օռը Մոսկվայի եւ Բաքվի միջեւ բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Եւ այդ գծով հավասարակշռությունը խախտվել է, քանի որ Շոյգուի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի միջեւ համանման բանակցությունների մասին պաշտոնական տեղեկություն չի եղել։
Այս ֆոնին ՌԴ ՊՆ-ն 4 օր անընդմեջ խախտումներ է արձանագրում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքի երկայնքով։
Ընդ որում, Ռուսաստանի եւ Թուրքիայի (Ադրբեջանը Թուրքիային իր ամենամոտ դաշնակիցն է համարում) ԱԳ նախարարների միջեւ Ղարաբաղում սրման հետ կապված շփումներ, ինչպես հայտնի է, եղել են։ Բացի այդ, օգոստոսի 5-ին Սոչիում նախատեսվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որտեղ կողմերը, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաեւ Ղարաբաղը։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Պուտինն այդպես էլ չզանգահարեց ագրեսոր Ալիեւին։
Հարցը բաց է մնում։
Արամ Դանիելյան




























