Վրաստանի հայտնի ընդդիմադիր գործիչ Գոգա Խաինդրավան վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերին արած հայտարարությանը՝ կապված Վրաստանում հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն՝ հայտարարելով, որ Հայաստանը ուղղակիորեն միջամտում է Վրաստանի ներքին գործերին, եւ որ ինքը Սերժ Սարգսյանի կատարած նման քայլը բարեկամական չի համարում։
«Ասեմ ավելին, բարեկամական քայլը հայոց լեզվի կարգավիճակի եւ վրաց լեզվի խնդրի բանական լուծման համար այն կլինի, եթե հայերը մտածեն, օրինակ՝ Ջավախքում վրացերենի խնդրի լուծման շուրջ, քանի որ հայոց լեզվի հետ այնտեղ որեւէ խնդիր չկա։ Ընդհակառակը, իրականում այնտեղ հայերենը միակ լեզուն է, որով նրանք խոսում են։
Գոգա Խաինդրավայի կարծիքով, այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման համաձայնագիրը Հայաստանի կողմից Վրաստանին նորանոր պահանջներ ներկայացնելու իրական փորձ է։
»Սերժ Սարգսյանը այդ ոչ կոռեկտ հայտարարությունը արեց, որպեսզի կոծկի Թուրքիայի հետ կապված իր նախաձեռնած քայլը",-հայտարարել է նա։
Խաինդրավան հավաստիացնում է, որ Վրաստանի բարձրագույն մարմիններում կան հայկական լոբբիստներ՝ թե էթնիկ եւ թե քաղաքական շրջանակներում, եւ որ, այդ պարագայում հայերի կողմից նման հայտարարությունները զարմանանք չպետք է հարուցեն։
"Հայաստանի շահերի առաջին լոբբիստներն են Սահակաշվիլին, Գիլաուրին, Բենդուքիձեն։ Հենց այդ պատճառով են, թե՛ հայ լրագրողները, թե՛ պատմաբանները, եւ թե՛ Սերժ Սարգսյանը «նստել մեր ուսերին, քանի որ զգում են, որ Սահակաշվիլու, Գիլաուրու եւ մի քանիսի նման իրենց գաղափարների աջակիցներ ունեն»։
Ինչպես նա է նշում՝ նման հարցերում Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են, քանի որ Սահակաշվիլին Վրաստանում հայ-ռուսական շահերի պաշտպանության լոբբիստական գործունեություն է իրականացնում։ Նա ամեն ինչ վաճառում է ռուսներին։
«Հայերը եւ վրացիները ոչ մի բարեկամ էլ չեն եւ երբեք էլ չեն եղել։ Մենք ընդամենը հայերի հարեւաններն ենք, ինչպիսին ենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար։ Դա նրանց սուտն է, ինչը մինչեւ այսօր պահպանվել է»,-խոստովանել է նա։
Խաինդրավան պնդում է, որ միշտ պետք է խոսել հենց հայերի մասին, քանի որ նման հայտարարությունները վրացիներին ուղղված շատ լուրջ հաղորդագրություններ են, եւ Ջավախքը այս առումով վտանգավոր տարածաշրջան է։




























