Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը մեկ միլիարդ դրամ արժողության ծրագիր է ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարություն՝մարզի հրատապ համարվող խնդիրների լուծման նպատակով: Այդ խնդիրների մեջ ներառված են նաեւ Շիրակի մարզի Առափի համայնքի  սողանքային գոտում գտնվող այն բնակելի տները, որոնց վիճակն առավել վատ է եւ որոնց բնակիչները ենթակա են տարհանման:

Շուրջ 11 ընտանիքների բնակարանային խնդիրը Շիրակի մարզպետարանն առաջարկել է լուծել բնակարանային վկայագրերի տրամադրման տարբերակով՝ ընտանիքներին հանձնել դրամական փոխհատուցումներ, որպեսզի նրանք ձեռք բերեն բնակարան Առափիում կամ այլ համայնքներում:

«Դեռ չկա կառավարության որոշում, սակայն կա նամակագրական կապ, մեզ առաջարկել են ներառել Առափիի 11 ընտանիքների բնակարանային խնդիրները այս ծրագրում եւ մենք ընդգրկել ենք, հույս ունենք, որ կառավարությունը չի մերժի»,- նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Նրա խոսքերով՝այս ծրագիրն ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել 2012 թ-ի գարնանը:

«Մեկ միլիարդ դրամի ծրագիր ենք ներկայացնում, որի մեջ Առափիի խնդիրը ուղղակի մի մասն է: Խնդիրը հնարավոր համարում ենք լուծել ԲԳՎ ծրագրի տրամաբանությամբ»:

Շիրակի մարզպետարանը կառավարություն է ներկայացրել է նաեւ «հակասողանքային» ծրագիր Առափի համայնքի համար, որի արժողությունը անհամեմատ մեծ է: «Շուրջ 60 միլիոն դրամի մասին է խոսքը, այս ծրագիրը հավանաբար կքննարկվի 2012թ-ի բյուջեն հաստատվելուց հետո»,- ասել է Ալբերտ Մարգարյանը: