Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր  եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 20-ին, ժամը 18.10-ին, 45-ամյա Արամ Ս.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են մշակումն արգելված կանեփի 5 բույս` մոտ 6,5 կգ ընդհանուր կշռով, չորացված 3 բույս` մոտ 1 կգ ընդհանուր կշռով, տանը հարակից մառանում գտնվող վառարանի վրայից` թղթյա փաթեթ, որի մեջ եղել է չորացված եւ մանրացված կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող զանգված` մոտ 1,8 գ ընդհանուր կշռով, իսկ պահարանի վրայից` «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Ս.-ն հայտարարություն է տվել, թե նշված զանգվածները պատկանում են իրեն, որոնք աճեցրել եւ պատրաստել է իր օգտագործման համար, իսկ պահունակները ձեռք է բերել 1994 թ-ին` ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է նախաքննություն: