Նյու-Յորքի Մանհեթթեն շրջանի դատախազությունը դիմել է դատարանին` խնդրելով հանել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանի վրայից բռնաբարության բոլոր մեղադրանքները: Պաշտոնական փաստաթուղթն արդեն ներկայացվել է դատարան, որը քննելու է գործը:

Դատախազությունը լուրջ կասկածներ ունի, որ Սթրոս-Կանին բռնաբարության մեջ մեղադրող, Նյու Յորքի «Սոֆիթել» հյուրանոցի աշխատակցուհի Նաֆիսատու Դիալլոն բազմիցս ստել է քննիչներին: Ավելի վաղ քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով շրջանային դատախազ Սայրուս Վենսին էին դիմել Սթրոս-Կանի պաշտպանները: վերջիններս անհերքելի փաստեր էին ներկայացրել, որ Դիալլոն ստել է ոչ միայն ոստիկանությանը, այլեւ երդվյալ ատենակալներին:

Միեւնույն ժամանակ դատախազությունն ընդունել էր, որ ԱՄՀ նախկին ղեկավարն ու սպասուհին իսկապես սեռական կապի մեջ են եղել:

Սթրոս-Կանին ձերբակալել էին մայիսի 14-ին Նյու-Յորքի օդանավակայանում եւ բռնաբարության մեղադրանք էին ներկայացրել: Նա մի քանի օր անցկացրել էր անազատության մեջ, ապա տնային կալանքի տակ: Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, իսկ դա գրեթե կասկած չի հարուցում, Սթրոս-Կանը կարող է հայց ներկայացնել Գվիանացի կնոջ դեմ հետապնդում սկսելու պահանջով: