Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում «վախեցնում» է, եւ խնդիրներն ավելի են խորացնում այն. այսպիսի կարծիք է հայտնել Rystad Energy-ի վերլուծաբան Ֆաբիան Ռոնինգենը, գրել է BI-ն։
«Մեկից տասը սանդղակով ես, հաստատ, ութ կդնեի»,- Insider-ին ասել է Ռոնինգենը ճգնաժամի մասշտաբների մասին։ «Ես կարծում եմ, որ ներկա պահին դա շատ վատ է։ «Ահավոր է»-ն (այդ ճգնաժամը) նկարագրելու լավ միջոցն է»։
Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում ստիպել է Գերմանիային, Ֆրանսիային եւ այլ երկրների անհանգստանալ մատակարարումների անբավարարության համար։
Հավանաբար, ի պատասխան պատժամիջոցների՝ Ռուսաստանը կրճատել է Եվրոպա բնական գազի մատակարարումները «Հյուսիսային հոսք-1» գազատարով՝ ընդամենը 20 տոկոս, ինչը հանգեցրել է գների կտրուկ աճի։ Ռուսական պետական «Գազպրոմ» էներգետիկ հսկան հայտարարել է, որ բնական գազի գները Եվրոպայում այս ձմռանը կարող են ավելանալ եւս 60 տոկոսով, քանի որ արտահանումը տարածաշրջան շարունակում է նվազել։
2022թ. գարնանը բնական գազի հոլանդական մեծածախ գները (եվրոպական չափորոշիչ), հասել էին ռեկորդային մակարդակի՝ մեկ մեգավատ-ժամը 335 եվրո, տեղեկացրել է Reuters-ը։ Այդ ժամանակվանից գներն ընկել են՝ մեգավատ-ժամը մոտ 225 եվրո. սա 2022թ. սկզբից մոտ 300 տոկոսանոց աճ է։
Իրավիճակը վատթարանում է Նորվեգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ռուսաստանում էներգետիկ խնդիրների հետ կապված։ «Վերջին մի քանի շաբաթներին ձեզ մոտ ամենից հաճախ առաջանում է «որքանո՞վ կարող է ամեն բան վատ լինել» զգացողությունը»,- ասել է Ռոնինգենը։
Insider-ը խորացել է այս չորս երկրների խնդիրների մեջ, որոնք, ըստ երեւույթին, խորացնում են Եվրոպայի էներգամատակարարման ճգնաժամը։
Նորվեգիա
Նորվեգիան, որը իր գրեթե ամբողջ էլեկտրաէներգիան ստանում է հիդրոէներգետիկայից, հայտարարել է, որ նախատեսում է կրճատել էլեկտրաէներգիայի արտահանումը երաշտ գարնանից հետո։
Երկիրը մտնում է Եվրոպա էլեկտրաէներգիայի առաջատար արտահանողների մեջ՝ իր արտադրանքի մոտ հինգերորդ մասն ուղարկելով հարեւան երկրներ։ Եվրոպայում չորային եղանակից հետո ջրի ցածր մակարդակը Նորվեգիայի հարավի հիդրոէլեկտրակայաններում կառավարությանն ստիպել է միջոցներ կիրառել ներքին մատակարարումները պահպանելու համար։
Նորվեգիայի նավթի եւ էներգետիկայի նախարար Թերիե Աասլանդը վերջերս հայտարարել էր, որ կառավարությունն առաջնահերթությունը կտա իր հիդրոպահեստարանները լցնելուն, այլ ոչ թե Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանմանը։
«Սա իսկապես մեծ խնդիր է»,- ասել է Ռոնինգենը։
Գերմանիա
Ռեկորդային շոգը Գերմանիայում հանգեցրել է Հռենոսի ջրի մակարդակի կտրուկ անկման. Հռենոսը կարեւոր զարկերակ է ամբողջԵվրոպայում ապրանքների հոսքերի համար։ Գերմանիայի հիդրոլոգիայի դաշնային ինստիտուտի տվյալներով՝ գետերի մակարդակը Կենտրոնական Եվրոպայում «արտասովոր ցածր մակարդակի» է եւ շարունակում է իջնել։ Ջրի ցածր մակարդակն ազդել է ածխի մատակարարմանը Գերմանիայի երկու էլեկտրակայաններ՝ մեկը Մանհեյմում եւ մյուսը՝ Կառլսռուեում։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը կրճատեց բնական գազի մատակարարումները Եվրոպա «Հյուսիսային հոսք-1» առանցքային գազամուղով, Գերմանիան եւ մյուս երկրները սկսեցին իրականացնել պարապուրդի մատնված ածխի էլեկտրակայանների գործարկման ծրագրեր, որպեսզի մեղմեն մատակարարումների անբավարարությունը։
Ածուխը վճռական նշանակություն կունենա այս ձմռանը Եվրոպայի էներգամատակարարման համար, եթե Ռուսաստանը լիովին դադարեցնի բնական գազի մատակարարումները տարածաշրջան։
Ֆրանսիա
Համաշխարհային միջուկային ասոցիացիայի տվյալներով՝ Ֆրանսիան, որն իր էլեկտրաէներգիայի մոտ 70 տոկոսն ստանում է միջուկային էներգիայի հաշվին, աշխարհում էլեկտրաէներգիայի ամենամեծ նետտո-արտահանողն է արտադրության ցածր արժեքի պատճառով։ Բայց Ֆրանսիան ստիպված է ներմուծել ավելի շատ էլեկտրաէներգիա, քանի որ պայքարում է իր միջուկային օբյեկտների աշխատանքի խափանումների դեմ. դրանց կեսն անջատված է, ինչը հանգեցնում է գների աճի։
Ֆրանսիական ատոմային էլեկտրակայաններին թույլատրվել է խախտել բնապահպանական կանոնները, որպեսզի կարողանան շարունակել աշխատել, պահպանել էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը երկրում եւ բնական գազ խնայել ձմռան համար։
Միջուկային անվտանգության ֆրանսիական վարչությունն արտոնել է ժամանակավոր բացառություն, որը հինգ էլեկտրակայանի թույլ է տալիս գետեր թափել թույլատրվածից ավելի շատ տաք ջրեր։ Սովորական ժամանակ, ֆրանսիական բնապահպանական նորմերին համապատասխան, ատոմային էլեկտրակայանները պետք է նվազեցնեն կամ դադարեցնեն արտադրությունը, երբ մերձակա գետերի ջերմաստիճանը բարձրանում է այն կետից, որի դեպքում այն կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին։
Ռոնինգենը Insider-ին ասել է, որ, չնայած Եվրոպայում ատոմային էներգետիկայի ամենամեծ՝ EDF օպերատորը հայտարարել է, որ կարծում է, թե ձմռանն արտադրությունը կավելանա, դեռեւս անորոշ շատ հարցեր են մնում։ «Ինձ թվում է, որ շուկայի մասնակիցների համար դժվար է մինչեւ վերջ հավատալ դրան, որովհետեւ ֆրանսիական էլեկտրաէներգիայի գները ձմռանը շատ ավելի բարձր են, քան գները Գերմանիայում»,- ասել է Ռոնինգենը։
Ռուսաստան
Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի կենտրոնում Ռուսաստանն է։
Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցները՝ ուղղված մինչեւ 2022թ. վերջ 90 տոկոսով ռուսական նավթի ներմուծման արգելմանը, ըստ երեւույթին, Կրեմլին դրդել են պատասխան միջոցների դիմել։ Հուլիսի սկզբին ռուսական պետական «Գազպրոմ» էներգետիկ հսկան կրճատել է Եվրոպա բնական գազի հոսքերը կարեւոր «Հյուսիսային հոսք-1» գազամուղով 20 տոկոս՝ մինչ այդ հոսքերը կրճատելով եւ հասցնելով թողունակության 40 տոկոսին։
Եվրոպան Մոսկվայի համար բնական գազի ամենամեծ գնորդն է, եւ սահմանափակված մատակարարումները հանգեցրել են գների կտրուկ աճի։ Մտավախություններ կան, որ Ռուսաստանը կարող է Եվրոպան մատնել խոր ռեցեսիայի, եթե լիովին կրճատի մատակարարումները։
«Մի բան կարելի է հաստատ ասել. սա շատ, շատ թանկ ձմեռ կլինի եվրոպացի սպառողների համար, որովհետեւ դեռեւս շատ անորոշություններ կան այն հարցում, թե ինչ կարող է պատահել»,- ասել է Ռոնինգենը։




























