Իտալիան հաջորդ շաբաթ կթարմացնի գազային իր արտակարգ պլանը, հինգշաբթի ասել է կառավարության աղբյուրը՝ հավելելով, որ Հռոմը չի ընտրի նորմավորումը, քանի որ նվազեցրել է իր կախվածությունը ռուսական ներկրումներից, հաղորդում է Reuters-ը:

Սակայն թարմացված արտակարգ պլանը նախատեսում է ավելի կոշտ միջոցներ, որոնք կձեռնարկվեն Ռուսաստանից գազի մատակարարումների հետագա կրճատման կամ ամբողջական դադարեցման դեպքում։

«Թարմացված պլանը ներառում է տարբեր սցենարներ, նույնիսկ ամենավատը, եւ նախատեսում է ավելի կոշտ միջոցներ՝ (գազի) հոսքերի հետագա կրճատման դեպքում»,- ասել է աղբյուրը Reuters-ին:

Իտալիայում գոյություն ունեցող գազային արտակարգ իրավիճակների արարողակարգը նախատեսում է երեք փուլ՝ նախնական տագնապի վիճակից, որը մտցվել է փետրվարի վերջին, մինչեւ անցում տագնապ վիճակին, այնուհետեւ՝ արտակարգ դրությանը։

Հռոմն արդեն քայլեր է ձեռնարկել այս տարի գազի սպառումը 7 տոկոսով կրճատելու համար՝ 2022 թվականի երկրորդ կիսամյակում պետական եւ մասնավոր բնակելի շենքերում ջեռուցման ջերմաստիճանը 1 աստիճանով իջեցնելու միջոցով:

Անցյալ տարի Հռոմը ստացել է Ռուսաստանից ներկրվող գազի 40 տոկոսը, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Աղբյուրը հայտնել է, որ այլընտրանքային մատակարարներ գտնելու կառավարության ջանքերը թույլ են տվել ամռանը նվազեցրել ներկրվող ռուսական գազի մասնաբաժինը մինչեւ մոտ 18 տոկոս։

Իտալիայում եւ եվրոպական շատ երկրներում գազի եւ էլեկտրաէներգիայի գները հասել են պատմական առավելագույնին, քանի որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ:

Իտալական Confindustria արդյունաբերական լոբբիի ղեկավար Կառլո Բոնոմին այս շաբաթ նախազգուշացրել է ընկերությունների զանգվածային սնանկացման վտանգի մասին, եթե էլեկտրաէներգիայի գները չընկնեն։

Բոնոմին կառավարությունից պահանջել է մշակել գազի ռացիոնալացման պլան եւ կառավարության նոր սուբսիդիաներ՝ արտադրողներին պաշտպանելու համար:

Արհմիությունները նաեւ կոչ են արել կառավարությանը պաշտպանել աշխատատեղերն ու աշխատավարձերը:

Կառավարությունն այս տարի 52 միլիարդ եվրո է ծախսել մի շարք միջոցառումների վրա, որոնք ուղղված են բիզնեսին եւ ընտանիքներին էներգիայի եւ սպառողական գների աճից պաշտպանելուն: