Աբովյան-Կորյուն գետնանցումում գործող տնտեսվարող սուբյեկտները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում մասնավորապես ասված է.

«Ձեզ են դիմում` Երեւան քաղաքի Աբովյան-Կորյուն գետնանցումում գործող` թվով 34 տնտեսվարող սուբյեկտները, ովքեր քաջ գիտակցում են երկրում տիրող բարդ վիճակը եւ պատրաստ են Ձեզ թիկունք կանգնել բոլոր հարցերում: Լիովին անհասկանալի է, որ համապետական ընտրությունների` Ազգային Ժողովի եւ նախագահական ընտրությունների նախաշեմին, Ձեր ենթակա պաշտոնյաներն ամեն ինչ անում են, որպեսզի հերթով բոլորի մոտ առաջանան դժգոհություններ Ձեր եւ Ձեր կուսակցության նկատմամբ եւ նրանք համալրեն Ձեր քաղաքական հակառակորդների բանակը: Անկեղծ ասած, Ձեր ենթակաների գործողությունները խստորեն հակասում են աշխարհում ընդունված քաղաքական գործընթացների տրամաբանությանը: Ինչ արտառոց իրադարձություն է տեղի ունեցել Երեւան քաղաքում, որ այսքան տարիներ համբերելով, ընտրությունների նախաշեմին Ձեր ենթականերն իրենց չմտածված գործողություններով Ձեր դեմ են տրամադրում տասնյակ հազարավոր ընտրողների: Հայաստանը մի բուռ երկիր է եւ բոլորը գիտեն, թե սեփականաշնորհման գործընթացում ինչեր են տեղի ունեցել եւ մեր սիրելի մեծահարուստներից ով քանի օբյեկտ է սեփականաշնորհել եւ ինչ խախտումներով: Միթե՞, ամբողջ երկրի սեփականաշնորհման պրոցեսում` մեր պապերի շինած երկրում մեր երեխաներին մի չնչին բան չի հասնում»:

Ներկայացնելով իրենց հուզող կոնկրետ խնդիրը` նրանք նշել են. «Եթե Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել Աբովյան-Կորյուն գետնանցումը, ապա բարոյական եւ տրամաբանական կլինի, որպեսզի այն ուղիղ վաճառքի ձեւով վաճառվի այնտեղ 25 եւ ավելի տարիներ աշխատող տնտեսվարողներին: Նշված տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ` իրենք իրենց ուժերով վերանորոգել, բարեկարգել եւ պահել են նշված գետնանցումը եւ չնայած նրան, որ այդ խնդիրները քաղաքային իշխանությունների ուղղակի պարտականությունն էին, նրանք մշտապես մեղմ ասած` միշտ իրենց ՙձեռքերը լվացել՚ են այդ պրոբլեմից: Հատկապես նշենք, որ այդ տարածքները նշված տնտեսվարողների հացի միակ աղբյուրն են եւ այն տալով մեր սիրելի մեծահարուստներից որեւէ մեկին, նրանց թողնում ենք մի ճանապարհ` բռնել Ալթայի երկրամաս տանող ճանապարհը: Կամ այդ քայլով բազմաթիվ ընտանիքներ կզրկվեն ամենօրյա հացից»:

«Ուստի, խնդրում ենք Ձեր բարեհաճությունը` սատար կանգնելու մեզ եւ եթե նշված գետնացման վաճառքի հարցն այդքան անխուսափելի է, ապա Աստվածահաճո` Ձեր բարձր կարգադրությամբ` թող այն ուղիղ վաճառքի ձեւով վաճառեն նշված տնտեսվարողներին, ովքեր հետագայում` քաղաքապետարանի առաջարկած պայմանների եւ նրա հետ կնքված պայմանագրերի համաձայն կիրագործեն նաեւ նշված գետնանցման բարեկարգ պահելու բոլոր   խնդիրները: Եթե Դուք էլ չընդառաջեք մեզ, ապա մեզ հստակ մնում է մի ճանապարհ` շուտափույթ լքել Հայաստանը կամ որոնել այլ ճանապարհներ»,- նշել են նրանք: