Սեպտեմբերի 9-ին Չեխիան ԵՄ էներգետիկայի նախարարների արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չեխիայի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յոզեֆ Սիկելային։

Նշվում է, որ Պրահան հայտարարել է օգոստոսի 26-ին շտապ հանդիպում հրավիրելու մտադրության մասին։

Ավելի վաղ վարչապետ Պետր Ֆիալան իր Twitter-ում հայտնել էր նաեւ, որ ԵՄ-ում Չեխիայի նախագահությունն էներգետիկայի նախարարների արտահերթ նիստ կհրավիրի։

Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը նախատեսվում է կոնկրետ արտակարգ միջոցառումներ դիտարկել էներգետիկ իրավիճակի լուծման համար։

Օգոստոսի 28-ին Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը կոչ էր արել դադարեցնել «խելագարությունը», որը տեղի է ունենում էներգետիկ շուկայում, եւ ընդհանուր լուծում մշակել ԵՄ-ի համար։ Նա նաեւ կոչ էր արել հրաժարվել գազի գինն էլեկտրաէներգիայի արժեքի հետ կապելու սկզբունքից։