Գերմանիայում ինֆլյացիան օգոստոսին բարձրացել է մինչեւ վերջին 50 տարվա ամենաբարձր մակարդակը՝ գերազանցելով նախորդ առավելագույն ցուցանիշը, որը սահմանվել էր ընդամենը երեք ամիս առաջ, քանի որ էներգակիրների գները նպաստել են ինֆլյացիայի աճին, երեքշաբթի ցույց են տվել տվյալները, գրում է Reuters-ը։

Սպառողական գները, որոնք համեմատության համար ներդաշնակեցվել են Եվրամիության այլ երկրներում ինֆլյացիայի տվյալների հետ, տարեկան կտրվածքով աճել են 8,8 տոկոսով՝ հուլիսին անսպասելի 8,5 տոկոս աճից հետո, հայտնել է դաշնային վիճակագրական ծառայությունը:

Մայիսին Գերմանիայում ինֆլյացիան աճել է 8,7 տոկոսով, որն առաջին դեպքն է եղել 1973-1974 թվականների ձմռանից, երբ այն նույնքան բարձր էր, ըստ վիճակագրական ծառայության տվյալների։

Էներգակիրների գները օգոստոսին 35,6 տոկոսով բարձր են եղել՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իսկ պարենային ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 16,6 տոկոսով, հայտնում է վիճակագրական ծառայությունը։

Օգոստոսյան աճը ներառում է ինֆլյացիան զսպելու միջոցներ, ներառյալ հասարակական տրանսպորտի տոմսերի էժանացումը եւ վառելիքի հարկի նվազեցումը: