Մահվան պահին բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի օրգանիզմում արգելված ոչ մի դեղամիջոց, այդ թվում՝ թմրանյութ, չի եղել, սակայն ալկոհոլի հետքեր են հայտնաբերվել։ Այսպիսին են թունաբանական փորձաքննության արդյունքները։ Այս մասին հայտարարել է երգչուհու ներկայացուցիչը։ Այդուհանդերձ, Էմի Ուայնհաուսի մահվան պատճառները դեռեւս չեն պարզվել։

Ուայնհաուսի ներկայացուցիչը նշել է, որ դեռեւս պարզ չէ՝ ի՞նչ դեր է խաղացել ալկոհոլը նրա մահվան մեջ կամ խաղացե՞լ է ընդհանրապես, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հայտնի է, որ աշխարհահռչակ երգչուհին երկար ժամանակ խնդիրներ է ունեցել թմրանյութերի եւ ալկոհոլի հետ։ Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի մի շարք բժիշկներ, սակայն ենթադրել են, որ մահացու ելքի կարող էր հանգեցնել ալկոհոլի դեմ երգչուհու խիստ կտրուկ պայքարը։

Հիշեցնենք, որ 27-ամյա երգչուհու մարմինը Լոնդոնի իր բնակարանում հայտնաբերվել էր հուլիսի 23-ին։