Միավորված ազգերի կազմակերպությունը երեքշաբթի օրը Պակիստանին 160 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու արտակարգ կոչ է արել, հաղորդում է Reuters-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ 160 միլիոն դոլարը, որն ինքը հույս ունի հավաքել այս կոչի միջոցով, 5,2 միլիոն մարդու կապահովի պարենով, ջրով, սանիտարական պայմաններով, արագացված կրթությամբ եւ բժշկական օգնությամբ:

Հիմնականում անոմալ մուսոնային անձրեւներից առաջացած ջրհեղեղների հետեւանքով, ավելի քան 1100 մարդ է մահացել, տուժել է 33 միլիոն մարդ, ավերվել են տներ, ձեռնարկություններ, ենթակառուցվածքներ եւ ցանքատարածություններ:

«Պակիստանը տառապանքի ճիրաններում է»,- ասել է Գուտերեշը տեսաուղերձում՝ նվիրված Իսլամաբադում եւ Ժնեւում նախագծի մեկնարկին: «Պակիստանի ժողովուրդը բախվել է ստերոիդային մուսոնի՝ անձրեւների եւ ջրհեղեղների դարակազմիկ մակարդակների անդադար ազդեցությանը»:

Հորդառատ անձրեւները առաջացրել են հեղեղումներ, որոնք իջել են հյուսիսային լեռներից՝ ավերելով շենքերն ու կամուրջները, քշելով ճանապարհներն ու ցանքերը։

Ջրի ահռելի ծավալները լցվում են Ինդոս գետը, որը հյուսիսային գագաթներից երկրի կենտրոնով հոսում է դեպի հարավային հարթավայրեր՝ առաջացնելով հեղեղումներ ամբողջ երկարությամբ։

Պակիստանի հաշվարկներով՝ ավելի քան 33 միլիոն մարդ կամ երկրի 220 միլիոն բնակչության ավելի քան 15 տոկոսը տուժել է ջրհեղեղից։