Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «կատարյալ անհեթեթություն» է համարում ռուսական նավթի գինը սահմանափակելու G7-ի երկրների գաղափարը, որն ապակայունացնում է ամբողջ արդյունաբերությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նավթ ու նավթամթերք չի մատակարարի այն երկրներին, որոնք աջակցում են նման սահմանաչափի սահմանմանը, գրում է «Կոմերսանտը»։
Նա նշել է, որ ոչ մի երկիր, որը մտնում է ՕՊԵԿ+-ի մեջ, ինչպես նաեւ Հնդկաստանն ու Չինաստանը, չեն աջակցել Ռուսաստանից նավթի գները սահմանափակելու գաղափարին։ «Շուկային մասնակցող այլ նավթարդյունահանողներից մենք չենք լսել գոնե մեկ դրական արձագանք այս անհեթեթության մասին, որը քննարկվում է»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նովակը նաեւ նշել է, որ ռուսական ընկերությունները պատրաստ են Եվրամիությունում նավթի էմբարգոյի ներմուծմանը եւ կկարողանան արդյունահանումը պահպանել նույն մակարդակում։ ՌԴ փոխվարչապետի կանխատեսմամբ՝ 2022 թվականի վերջին այն կարող է կազմել 520-525 մլն տոննա։ Անցյալ տարի Ռուսաստանում արտադրվել է 524 մլն տոննա։
Ռուսական նավթի համար սահմանային գնի գաղափարը ծագել է հունիսի վերջին G7-ի գագաթաժողովի ժամանակ։ ԱՄՆ-ի առաջարկած պլանը ենթադրում է, որ բեռնափոխադրումների ապահովագրության պատժամիջոցներից ազատվեն միայն այն երկրները, որոնք կհամաձայնեն վառելիք գնել սահմանված գնով: Վաղը՝ սեպտեմբերի 2-ին, G7-ի երկրների ֆինանսների նախարարները մտադիր են քննարկել նման սահմանափակումների հնարավորությունը։





























