Ռուսաստանը խնդրել է սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, հինգշաբթի ասել է կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է նիստին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը, որի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԶԱԷԿ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությունը։
Բացի այդ, Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրի համաձայն, սեպտեմբերի 22-ին նախատեսված է եւս մեկ նիստ՝ «Ուկրաինայում խաղաղության եւ անվտանգության պահպանման» հարցով։
Իր հերթին, ինչպես տեղեկացնում է «Комсомольская правда»-ն, Ռաֆայել Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ը մշտական ներկայություն կունենա Զապորոժիեի ատոմակայանում։
Ռուս զինվորականները մարտ ամսից վերահսկում են Զապորոժիեի ատոմակայանը, որը ամենամեծն է Եվրոպայում։ Այնտեղ շարունակում են աշխատել «Էներգոատոմ»-ի ուկրաինացի մասնագետները։ Օգոստոսից կայանը պարբերաբար գնդակոծվում է։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում գնդակոծության մեջ։ Միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ կայանի գնդակոծումը կարող է հանգեցնել միջուկային աղետի։ 42 երկրներ Ռուսաստանին կոչ են արել ԱԷԿ-ը վերադարձնել Ուկրաինայի վերահսկողությանը՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին, ԱԷՄԳ-ի առաքելությունը մեկնել էր Զապորոժիեի ԱԷԿ, իսկ այսօր հայտնի դարձավ, որ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին եւ մասնագետների մի մասը լքել են ԱԷԿ-ի տարածքը։





























