Եվրամիությունը փոխել է Մոսկվայում իր դիվանագիտական առաքելության ղեկավարին։ Գերմանացի Մարկուս Էդերերի տեղը կզբաղեցնի ֆրանսիացի Ռոլան Գալյարագը։ Բրյուսելում հայտարարել են, որ կադրային փոփոխությունը կրում է պլանային բնույթ։ Այսօր Մոսկվայում աշխատանքն ավարտել է նաեւ ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։
«Մոսկվայում ԵՄ առաքելության ղեկավարի փոփոխությունը պլանային բնույթ է կրում։ Մարկուս Էդերերը հեռացել է Ռուսաստանից, եւ արդեն առաջիկայում այդ պաշտոնը կզբաղեցնի Մալայզիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ռոլան Գալյարագը։ Նրա նշանակումն այդ պաշտոնին հաստատվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից հունիսին»,- տեղեկացրել է Բրյուսելում ՏԱՍՍ գործակալության դիվանագիտական աղբյուրը։
Նա ընդգծել է, որ «ԵՄ-ը կողմնակից է Մոսկվայի հետ բաց դիվանագիտական կապերի պահպանման անհրաժեշտությանը», անգամ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամին Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով։
RTVI-ի հարցազրույցում, որը ձայնագրվել է օգոստոսի 31-ին, Էդերերը հայտարարել էր, որ իր վերջին աշխատանքային օրը ՌԴ-ում ԵՄ դեսպանի պաշտոնում եղել է այդ օրը։
«Ես հեռանում եմ պաշտոնից հանգիստ խղճով։ Կարծում եմ՝ արել եմ այն, ինչ կարողացել եմ»,- ասել է Մարկուս Էդերերը։
Էդերերը Ռուսաստանում Եվրամիության դեսպան էր նշանակվել 2017թ.։ Մինչ այդ զբաղեցրել է Գերմանիայի ԱԳՆ պետական քարտուղարի պաշտոնը։ 2014-ից դիվանագետն օժանդակել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ քառակողմ բանակցությունների պատրաստմանը «նորմանդական ձեւաչափով», գրել է «Коммерсантъ»-ը։




























