Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է քրեական գործ հարուցել «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, օգոստոսի 24-ի առավոտվա դրությամբ, ոստիկանությունը, որը հետաքննում էր միջադեպը, դեռ քրեական գործ չէր հարուցել: Մամուլի ասուլիսում գլխավոր դատախազին հարցրել էին, թե որն է ոստիկանության նման դանդաղկոտության պատճառը:

Ի պատասխան Աղվան Հովսեփյանն ասել է, թե մամուլից է իմացել այդ մասին եւ հրահանգել է պարզել` արդյոք հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Հավանաբար դրանից հետո էլ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

Նշենք, որ Ավանի «Հարսնաքար» ռեստորանում միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին: Հարսանեկան արարողության ժամանակ վեճ էր ծագել հյուրերի եւ հաստատության աշխատակցի միջեւ: Արդյունքում հրազենային վնասվածքներ էին ստացել 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը: Ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: