Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` օգոստոսի 24-ին Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ձեւաւորել է «Այգաբաց 2011 արոտօգտագործողների» սպառողական կոոպերատիվը: Կազմակերպվել է հանդիպում գյուղաբնակների հետ, որի ժամանակ գյուղնախարարը բացատրել է նման կոոպերատիվների առավելությունը.«Դուք միավորվելու եք եւ պիտի հասկանաք, որ համայնքների փրկությունը միավորվելու մեջ է: Պետք է հասկանաք, որ դուք միավորվում եք բայց միայն գաղափարներով, այդպես աշխատելն ուղղակի հեշտ կլինի»,- ասել է գյուղնախարարը:
Բացատրական աշխատանք է տարվել, թե ինչ կտա քաղաքացու անդամությունը կոոպերատիվին, որքան արդյունավետ եւ կարեւոր է կոոպերատիվների ստեղծումը ինչպես գյուղաբնակների, այնպես էլ տվյալ համայնքի եւ պետության համար: «Պետությունն էլ աջակցելու է նորաստեղծ կոպերատիվներին՝ տալու է գյուղտեխնիկա, սերմացու, օժանդակելու է գյուղացիական տնտեսություններին հողամասերի մշակման , պարարտանյութերի եւ բույսերի ձեռքբերման ու օգտագործման հարցերում»,- հայտարարել է Սերգո Կարապետյանը:
Հարկ է նշել, որ կոոպերատիվի անդամները մուծելու են նաեւ անդամավճար, պարզ ասած, իրենց ներդրումն են ունենալու: Այգաբացի բնակիչները հայտնել են իրենց համաձայնությունը, եւ ստեղծվել է «Այգաբաց 2011 արոտօգտագործողների» սպառողական կոոպերատիվը: Կոոպերատիվի ձեւավորման քվեարկությունն անցել է նախկին կոլտնտեսությունների ձեւավորման տրամաբանունթյամբ:«Ով է համաձայն մտնելու կոպերատիվ, թող ձեռք բարձրացնի, իսկ հիմա թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր դեմ են, ով որ դեմ է թող ասի, ինչու, պատճառը որն է»,- պահանջել է Սերգո Կարապետյանը:
Այգաբացում կոոպերատիվի ձեւավորումն անցել է միաձայն, վերջում գյուղնախարարը հրահանգել է ծափահարել ու շնորհավորել է՝ ասելով.«Այ տեսնում եք, թե ինչքան լավ կլինի, մենք դեմքով շուռ ենք եկել դեպի գյուղն ու գյուղացին, գյուղացու կողքին ենք:Ասում եք՝ էս չկա, էն չկա, բայց լավը չեք տեսնում: Ամեն ինչ սեւացնում եք: Չեք տեսնում փոփոխությունները, էս էլ փոփոխություն է…»:



























