Երեքշաբթի եվրոն եւ իենը բազմամյա նոր նվազագույնի են հասել դոլարի նկատմամբ, քանի որ ներդրողներն ուշադրությունը կենտրոնացրել են աճող ինֆլյացիան զսպելու կենտրոնական բանկի ջանքերի եւ տնտեսական աճի դանդաղման մտավախությունների վրա, հաղորդում է AFP-ն:
Դոլարի փոխարժեքը հասել է 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 142,98 իենի, իսկ եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է մինչեւ 0,9864, այսպիսի մակարդակ չի գրանցվել 2002 թվականի դեկտեմբերից:
«Ամբողջ աշխարհում ռեցեսիայի մտավախությունները շարունակում են մեծացնել ԱՄՆ դոլարի նկատմամբ ախորժակը նույնիսկ այս մակարդակներում»,- ասել է City Index-ի եւ FOREX.com-ի վերլուծաբան Ֆավադ Ռազաքզադան: «Ներդրողները գնալով ավելի ու ավելի են համոզվում, որ Դաշնային պահուստային հիմնադրամը պատրաստվում է այս ամիս բարձրացնել տոկոսադրույքները 75 բազիսային կետով եւ կշարունակի ագրեսիվ բարձրացումը, մինչեւ ինֆլյացիան վերադառնա վերահսկողության տակ»,- հավելել է նա:
ԴՊՀ-ն այս տարի չորս անգամ բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը, ներառյալ երկու գերզանգվածային բարձրացումը՝ 75 բազիսային կետով (0,75 տոկոսային կետ) հունիսին եւ հուլիսին, իսկ ԴՊՀ-ի ղեկավար Ջերոմ Փաուելը նշել է, որ այս ամիս հնարավոր է եւս մեկ նման բարձրացում:
ԱՄՆ պետական պարտքի եկամտաբերությունը շարունակում է աճել, քանի որ ներդրողները հետագա բարձրացում են սպասում:
Եվրոպական կենտրոնական բանկը վերջ է դրել ութ տարվա բացասական տոկոսադրույքներին՝ հուլիսին դրանք բարձրացնելով 0,50 տոկոսային կետով։ Սպասվում է, որ հինգշաբթի նա կբարձրացնի տոկոսադրույքները առնվազն նույն չափով՝ եվրոգոտում աճող ինֆլյացիայի դեմ պայքարելու համար:
Միեւնույն ժամանակ, Ճապոնիայի բանկը հավատարիմ է մնացել «հեշտ փողերի» իր քաղաքականությանը՝ երկար դեֆլյացիայից հետո ինֆլյացիան պահպանելու համար:
Ուոլ Սթրիթի բաժնետոմսերը տատանվել են առավոտյան սակարկությունների ընթացքում եռօրյա տոնական հանգստյան օրերից հետո, երբ Dow Jones-ի ինդեքսը կեսօրից հետո նվազել է 0,1 տոկոսով:
Եվրոպական ֆոնդային ինդեքսներն օրն ավարտել են բարձր ցուցանիշներով՝ չնայած բուռն սակարկումներից մեկ օր հետո Գերմանիայի վատ տվյալներին, քանի որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները Եվրոպա:
Սակայն թրեյդերները դեռ զգուշավոր են։ «Ներդրողները զգույշ են մնում համաշխարհային տնտեսության դանդաղման մտավախությունների ֆոնին,- ասում է Hargreaves Lansdown-ի վերլուծաբան Սյուզան Սթրիթերը,- Շուկաներում սպասողական տրամադրություն է»։




























