Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ կառավարությունը կսառեցնի էներգակիրների ներքին գները տների եւ ձեռնարկությունների համար՝ կյանքի արժեքի ճգնաժամը մեղմելու համար, հաղորդում է AP-ն:

Նա նաեւ ասել է, որ կհաստատի Հյուսիսային ծովում նավթի հորատումը եւ կհանի հիդրավլիկ ճեղքման արգելքը՝ Մեծ Բրիտանիայի ներքին էներգիամատակարարումը մեծացնելու համար:

Նրա խոսքով՝ երկամյա «Էներգիայի գների երաշխիքը» նշանակում է, որ տնային տնտեսությունները ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի համար տարեկան միջին հաշիվը կկազմի ոչ ավելի, քան 2500 ֆունտ սթեռլինգ: Ակնկալվում էր, որ հոկտեմբերից հաշիվները կկազմեն տարեկան մինչեւ 3500 ֆունտ, ինչը երեք անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Բիզնեսը եւ պետական հաստատությունները, ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները, նույնպես աջակցություն կստանան, բայց վեց ամիս, ոչ թե՝ երկու տարի։

Կառավարությունն ասում է, որ սահմանափակումը կնվազեցնի Մեծ Բրիտանիայի ինֆլյացիայի սրընթաց աճը 4-5 տոկոսային կետով: Հուլիսին գնաճը հասել է 10,1 տոկոսի, իսկ տարեվերջին, ըստ կանխատեսումների, կհասնի 13 տոկոսի։

Այս քայլերը ներկայացնում են կառավարության զանգվածային միջամտությունը տնտեսությանը։ Թրասսն ասել է, որ նախընտրում է հարկերը նվազեցնել, քան ողորմություն բաժանել, սակայն ճգնաժամի մասշտաբները ստիպում են իրեն գործել:

Կառավարությունը չի ասել, թե որքան կարժենա գների սահմանափակումը, բայց, ըստ գնահատականների, այն գերազանցում է 100 միլիարդ ֆունտ սթերլինգը: Թրասը մերժել է նավթային ընկերությունների շահույթի վրա հավելյալ հարկ սահմանելու ընդդիմության կոչերը։ Սահմանափակումը կվճարվի գանձապետական հիմնադրամների եւ փոխառնված միջոցների հաշվին:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, թե դա նշանակում է, որ հաշիվների համար բրիտանացի հարկատուները ստիպված կլինեն վճարել:

Մեծ Բրիտանիան իր բնական գազի մեծ մասը ներկրում է Նորվեգիայից եւ, հետեւաբար, խոցելի է համաշխարհային գների փոփոխության նկատմամբ: